Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանի համար «3+3» ձեւաչափով դռները բաց են։
«Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք «3+3» ձեւաչափ, եւ որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, սակայն Վրաստանի ներկայացուցիչների համար միշտ աթոռ կլինի այս ձեւաչափի նիստերի դահլիճում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ այս մոտեցումը հաստատվել է նախարարների վերջին՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
Լավրովը նաեւ հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հենվում է երկրի ազգային շահերի վրա։
«Եվ կասկած չկա, որ «3+3»-ը գործում է բոլոր մասնակիցների շահերը հաշվի առնելով։ Ի դեպ, սա նախանձ էր առաջացրել, ոչ թե կասկածներ ԱՄՆ նախորդ վարչակազմում, որը փորձում էր «3+3» ձեւաչափը փոխարինել «3+1» ձեւաչափով, այսինքն՝ անդրկովկասյան երեք երկրներ եւ դրանք ղեկավարելու համար [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենի մարդիկ, որոնք նրանց կղեկավարեին»,- նշել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «3+3» ձեւաչափով վերջին հանդիպմանը «որոշում է կայացվել այս խորհրդատվական հարթակը վերածել ավելի կառուցվածքային կազմակերպության»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել էր Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպումը «3+3» ձեւաչափով։