ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում է Ուկրաինայի բնական ռեսուրսների հասանելիության վերաբերյալ պարզեցված համաձայնագիր կնքել Կիեւի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուր։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ գործարքի պարզեցված տարբերակը կարագացնի համաձայնագրի ստորագրումը, իսկ պայմանների մանրամասները այս դեպքում կքննարկվեն ավելի ուշ։
Այս մոտեցումը Միացյալ Նահանգներին թույլ կտա շրջանցել բազմաթիվ իրավական եւ նյութատեխնիկական խոչընդոտներ, ինչպես նաեւ ժամանակ կտա գործարքի մանրամասների շուրջ բանակցելու համար:
Reuters-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքելու Թրամփի վարչակազմի հետ։ Մեկ այլ աղբյուր էլ հավելել է, որ գործարքի պայմանները չպետք է այդքան «գիշատիչ» թվան։ Նրանց խոսքերով՝ կարեւոր է, որ Թրամփը կարողանա հրապարակայնորեն ամերիկացիներին ասել, որ ԱՄՆ-ը վերադարձնում է Ուկրաինայի օգնության համար ծախսած գումարը:
Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ծրագրում է Կիեւի հետ հազվագյուտ հողային մետաղների ձեռքբերման մասին համաձայնագիր կնքել, որով կփոխհատուցվի Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ Ուկրաինային տրամադրված օգնության ծախսերը։
Ըստ The Washington Post-ի՝ համաձայնագրի նախագիծը, որով Միացյալ Նահանգները պետք է ստանար Ուկրաինայի հանքային պաշարների կեսը, նախագահ Վլադիմիր Զելենսկուն է փոխանցվել փետրվարի 12-ին՝ Կիեւում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից ընդամենը չորս ժամ առաջ։ Միաժամանակ Զելենսկու դեմ պահանջ էր դրվել անհապաղ ստորագրել համաձայնագիրը։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին ասել էր, որ Կիեւը ապշած է Թրամփի վարչակազմի պահանջների մասշտաբից։ Զելենսկին հրաժարվել է այդ համաձայնագիրը ստորագրելուց։
The Telegraph-ը գրել է, որ Թրամփի վարչակազմի առաջարկած համաձայնագիրը նախատեսում է Վաշինգտոնի վերահսկողություն Ուկրաինայի հանքային ու նավթագազային պաշարների, նավահանգիստների եւ «այլ ենթակառուցվածքների» նկատմամբ։ Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները վերցնի Ուկրաինայի ընթացիկ եկամուտների 50 տոկոսը ռեսուրսների արդյունահանումից, ինչպես նաեւ «երրորդ կողմերին տրված բոլոր նոր [ռեսուրսների արդյունահանման] լիցենզիաների արժեքի 50 տոկոսը»: