Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջների հետ։
«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսվել է դեռեւս 2020 թվականից։ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որեւէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ»,- հայտարարել է Գրիգորյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց, որ էական է նոր Սահմանադրության ընդունումը։
Հիշեցնենք՝ Բաքվից տարբեր մակարդակներով հաճախ է հնչում այն թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ սա համարում է խոչընդոտ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ Երեւանից պահանջելով փոփոխել այն։
Երեւանն էլ ի պատասխան բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։