ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման պայմանագրում Ուկրաինային անվտանգության երաշխիք տվող կետի ավելացում։ Ըստ այդ կետի՝ Ուկրաինան կարող է ինքնաբերաբար դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե Ռուսաստանը խախտի պայամանգիրը։ Այդ մասին գրում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկությանը։
Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնում գտնում են, որ ՆԱՏՕ-ին ինքնաբերաբար անդամակցության մասին կետը կարող է լինել Կիեւի եւ նրա եվրոպացի դաշնակիցների հիմնական այն մտավախությունների պատասխանը, որոնց համաձայն՝ Ռուսաստանը հրադադարի ժամանակ կարող է ուժեր հավաքել եւ կրկին Ուկրաինա ներխուժել։
Փետրվարի 12-ին՝ Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը «[ռուս-ուկրաինական հակամարտության] կարգավորման իրատեսական արդյունք չի համարում»։
Իր հերթին, հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ գործարքը հիմնական բաղադրիչն է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության կառուցման համար, որը, ի վերջո, կօգնի երաշխավորելու Կիեւի անվտանգությունը պատերազմի ավարտից հետո, ասվում է NBC News-ի հոդվածում: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հենց դրանում է փորձել համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Առայժմ համաձայնագիրը մնում է «առկախ»,- ասվում է հոդվածում։
Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միմյանց հասցեին հրապարակային քննադատություններ հնչեցրին։
Թրամփը, առանց ապացույցներ ներկայացնելու, պնդել է, որ Զելենսկին Ուկրաինայում ցածր վարկանիշ ունի՝ պահանջելով նոր նախագահական ընտրություններ անցկացնել։ Ավելի ուշ նա Ուկրաինայի նախագահին անվանեց բռնապետ։
Ի պատասխան Զելենսկին հայտարարեց, որ եթե իրեն հենց հիմա հեռացնելու ցանկություն ունեցողներ կան, ապա դա ներկա պահին չի հաջողվի։ Նա նաեւ քննադատել է Միացյալ Նահանգներին Ռուսաստանի նկատմամբ «քաղաքականությունը մեղմելու» եւ Սաուդյան Արաբիայում առանց Կիեւի ներգրավման ռուսների հետ բանակցելու համար։