Որոշել ենք ունենալ Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երբ ազգային անվտանգության նախորդ ռազմավարությունը պատրաստվեց ու հրապարակվեց 2020 թվականի ամռանը, դրանից հետո տեղի ունեցան մեծ փոփոխություններ Հայաստանի շուրջը, ու նաեւ հաշվի առնելով այդ փոփոխությունների դինամիկան՝ մենք որոշ ժամանակ սպասել ենք։ Որոշակի հստակեցումներից հետո որոշել ենք ունենալ ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը չի հստակեցրել, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Փոխարենը նշել է, որ այս հարցում հիմնական քննարկումները վերաբերել են աշխատակարգին եւ կանոնակարգին։
ԱԽ քարտուղարի խոսքերով՝ ռազմավարության փոփոխության գործընթացը հրապարակային կլինի, իսկ հանրությանը անպայման տեղյակ կպահվի։