Կրեմլը ուշադիր հետեւում է Ուկրաինայում զորքեր տեղակայելու Եվրոպայի ծրագրերի մասին բոլոր հաղորդումներին, եւ դրանք անհանգստություն են առաջացնում ռուսական կողմի համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ բրիտանական The Daily Telegraph պարբերականը, հղում կատարելով արեւմտյան պաշտոնյաներից ստացված տեղեկությանը, գրել էր, որ Կիեւի եվրոպացի դաշնակիցները մտադիր են Ուկրաինայի տարածքում 30 հազարից պակաս զորք տեղակայելու մասին առաջարկ ներկայացնելու Վաշինգտոնին։
«Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք այս բոլոր տեղեկություններին, նաեւ այս հարցում եվրոպացիների երբեմն հակասական պաշտոնական հայտարարություններին։ Սա մեզ համար մտահոգիչ է, քանի որ մենք խոսում ենք ռազմական կոնտինգենտի տեղակայման մասին, Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կոնտինգենտի հնարավոր վերջնական տեղակայման մասին, սա բոլորովին այլ իմաստ է ստանում մեր անվտանգության տեսանկյունից, ուստի այս թեման մեզ համար կարեւոր է» ,- հայտարարել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի տեղակայումը չի կարող Մոսկվայի համար ընդունելի լինել։
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, զորքերի տեղակայման մասին մշակված առաջարկները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջարկած պլանի համաձայն՝ արեւմտյան զորքերը պետք է տեղակայվեն Ուկրաինայի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Պոլտավայում, Դնեպրոպետրովսկում, Կրիվոյ Ռոգում, առանցքային նավահանգիստներում եւ երկրի համար կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտներում, այդ թվում՝ ատոմակայաններում, որպեսզի նվազագույնի հասցնեն Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների անմիջական առճակատման ռիսկերը։
Կոնտինգենտը լայնորեն կօգտագործի մշտադիտարկման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ՝ ներառյալ արբանյակներ, անօդաչու թռչող սարքեր եւ հետախուզական ինքնաթիռներ, որպեսզի վերահսկի իրավիճակը շփման գծում, որտեղ էլ, ըստ ծրագրի, պետք է տեղակայվեն ուկրաինական զորքերը, ավելացնում է պարբերականը։
Ավելի վաղ Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան պատրատ է իր զորքերը Ուկրաինա ուղարկելուն։