Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) ակտիվություն՝ պայմանավորված տարվա այս ժամանակահատվածով։ Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ նախարարությունն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում․ վերջին 2-3 շաբաթվա ընթացում սուր շնչառական վիրուսների մասով նույն իրավիճակն ունենք։
Նա նշեց, որ այս եղանակին համահունչ իրավիճակ ունենք. «Չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու ցուցումներ այս պահին չկան։ ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք բացակայությունների մոնիթորինգի եւ դրանց պատճառների մասով։ Շատ հստակ կանոնակարգ կա, թե երբ պետք է անցնել հեռավար ուսուցման, եւ եթե կարիքը լինի, կգնանք դրան։ Բայց այս պահին դրա կարիքը չկա»։
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը, ի պատախան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, նշել է՝ կենտրոնի կողմից սեզոնին ընդառաջ՝ 2024 թվականի հոկտեմբերից, վերսկսվել են սուր շնչառական վարակների դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումները: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են դեպքերի համաճարակաբանական դիտարկում եւ վերլուծություն, գնահատվում է տվյալ օրվա կտրվածքով առկա իրավիճակը, անհրաժեշտության դեպքում մշակվում եւ ներկայացվում են արագ արձագանքման եւ նպատակային կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ:
2024 թվականի դեկտեմբերի, 2025 թվականի հունվարի եւ փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը պահպանվում է։
Ըստ ՀՀ ԱՆ «Վարակիչ հիվանդությունների, սննդային, քիմիական թունավորումների եւ ճառագայթային ախտահարումների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության»՝ 2023 թվականին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 10 210 քաղաքացի, որից 9 109-ը 0-18 տարեկաններն են։
2024 թվականին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 12 133 քաղաքացի, որից 11 052-ը 0-18 տարեկաններն են։
2025 թվականի հունվարին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 2511 քաղաքացի, որից 2328-ը 0-18 տարեկաններն են։
«Սուր շնչառական վարակների առավել բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում։ Սա հնարավոր է պայմանավորված է բնակչության խտությամբ, ավելի բարձր դիմելիությամբ»,- մանրամասնում է Ստեփան Աթոյանը։
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը նշում է՝ այժմ հանրապետությունում հիմնականում շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակը, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի հարուցիչները, որոնք հիմնականում «թիրախավորում են» երեխաներին։ Սուր շնչառական վարակներով վարակված անձանց 75 տոկոսը 0-18 տարեկաններն են։
Ստեփան Աթոյանն ասում է՝ սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաեւ հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ, խուսափել գրիպանման երեւույթներով անձանց հետ շփումից, հագնվել եղանակին համահունչ, պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր), հետեւել հազալու եւ փռշտալու էթիկային, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հետեւել անձնական հիգիենային, դիմակ դնել։
«Գրիպը կարող է բարդանալ, ուղեկցվել թոքաբորբով (արտահիվանդանոցային, մանրէային համավարակ), սուր շնչառական դիսթրես համախտանիշով (ARDS) եւ ոչ թոքային բարդություններով (օրինակ, սինուսիտ, օտիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, միոզիտ, ռաբդոմիոլիզ, էնցեֆալիտ, սեպտիկ շոկ եւ այլն)»,- բացատրում է մասնագետը։
Ծանր սուր շնչառական վարակների, այդ թվում՝ գրիպի հետեւանքով կարող է դիտվել քրոնիկական հիվանդությունների սրացում, ինչպիսիք են ասթման կամ սրտի հիվանդությունները: Քրոնիկական հիվանդությունների սրացումն առավել հաճախ դիտվում է տարեցների շրջանում։
Բարդությունների առաջացման առումով բարձր ռիսկի խմբում են հղիները, մինչեւ 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները, փակ կազմակերպություններում գտնվող անձինք։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը» ծնողներին խորհուրդ է տալիս բացառել երեխաների շփումը սուր շնչառական վարակներով եւ գրիպով հիվանդների հետ։ Հարկավոր է պահպանել երեխաների անձնական հիգիենան, հագցնել եղանակին համանունչ, ախտանշաններ ունեցող երեխաներին չտանել կրթական կամ այլ հաստատություններ, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ դիմել բժշկական կազմակերպություն՝ պատշաճ բժշկական օգնություն ստանալու համար։
Սուր շնչառական վարակներով եւ գրիպով հիվանդ անձինք այլ մարդկանց չվարակելու համար պետք է մնան տանը եւ չհաճախեն աշխատանքի, խուսափեն մարդաշատ վայրերում գտնվելուց, պահպանեն սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր), հազի եւ փռշտալու վարվելակարգը, հնարավորինս խուսափեն հասարակական տրանսպորտից օգտվելուց, դիմակ դնեն։
Սուր շնչառական վարակներով չվարակվելու համար արժե՞ պատվաստվել
«Սեզոնային գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը սեզոնային գրիպի դեմ պատվաստումն է, որն իրականացվում է յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ կամ սեզոնի ընթացքում, յուրաքանչյուր սեզոնի սեպտեմբեր–մայիսին։ 2024-2025 թվականների համար Հայաստանի Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ «Վաքսիգրիպ-Տետրա» քառավալենտ պատվաստանյութը, որը նախատեսված է այս սեզոնի ընթացքում ամենաշատ շրջանառվող գրիպի 4 ենթատեսակների դեմ»,- ասում է Ստեփան Աթոյանը։
Սեզոնային գրիպի դեմ կարող են պատվաստվել 6 ամսականից բարձր տարիքի անձինք: Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբին պատկանող անձանց՝ հղիներին, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաներին, 65 եւ բարձր տարիքի անձանց, շաքարային դիաբետ, շնչառական օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, բուժաշխատողներին, սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձանց եւ սպասարկող անձնակազմին, զորակոչի ենթակա անձանց։
«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կազմակերպվում եւ իրականացվում են կամավոր սկզբունքով պետական պատվերի շրջանակում (անկախ սպասարկող առողջության առաջնային պահպանման կազմակերպությունից եւ քաղաքացիությունից) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում»,- մանրամասնում է Ստեփան Աթոյանը։
«Սեզոնային գրիպի դեմ պատվատումն անհրաժեշտ է ստանալ յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ կամ սեզոնի ընթացքում՝ 1 դեղաչափ: Գրիպի դեմ առաջին անգամ պատվաստում ստացող մինչեւ 9 տարեկան երեխաները ստանում են 2 դեղաչափ՝ 4 շաբաթ ընդմիջումով։ 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները (59 ամսական) պատկանում են ռիսկի խմբին եւ առաջնահերթ պատվաստվում են: Հանրապետությունում առկա «Վաքսիգրիպ-Տետրա» պատվաստանյութը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի անձանց, այսինքն՝ ե՛ւ երեխաների, ե՛ւ մեծահասակների համար»,- ասում է Ստեփան Աթոյանը։
Մասնագետները հիշեցնում են՝ պատվաստանյութերն օգնում են օրգանիզմին ունենալու անընկալություն՝ առանց վարակելու։
Ոմանք կարծում են՝ ավելի լավ է հիվանդանալ, քան պատվաստվել, մինչդեռ մասնագետները հիշեցնում են՝ գրիպը լուրջ հիվանդություն է, հատկապես որոշակի ռիսկային խմբերի համար (հղիներ, երեխաներ, տարեցներ կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ): Պատվաստումը գրիպից պաշտպանվելու ամենաանվտանգ միջոցն է: Կարեւոր է ամեն տարի պատվաստվել, քանի որ վիրուսը փոխվում է:
Շատերը վստահ են՝ գրիպը պարզապես ուժեղ մրսածություն է: Իրականում գրիպի եւ մրսածության միջեւ մեծ տարբերություններ կան։ Գրիպը վարակիչ վիրուսային հիվանդություն է, եւ ախտանշանները հայտնվում են հանկարծակի՝ ներառյալ ջերմություն, մկանացավեր եւ հոդացավեր, դող, գլխացավ, հազ եւ կոկորդի ցավ:
Գրիպը կարող է հանգեցնել թոքաբորբի, բրոնխիտի եւ այլ բարդությունների: Մրսածությունն ավելի թեթեւ է ընթանում, ուղեկցվում է ոչ բարձր ջերմությամբ եւ թույլ արտահայտված ախտանիշերով:
Մասնագետները հիշեցնում են՝ գրիպը լուրջ հիվանդություն է, ուստի հարկավոր է պատվաստվել: Աշխարհում ամեն տարի գրիպից մահանում է մինչեւ 650 000 մարդ: Ծանր բարդությունների ռիսկն ավելի մեծ է թույլ իմուն համակարգ ունեցող մարդկանց շրջանում: Մարդկանց մեծ մասը կազդուրվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց որոշ մարդկանց շրջանում այնպիսի բարդություններ կարող են առաջանալ, ինչպիսիք են սինուսային վարակները, ականջաբորբը, թոքաբորբը եւ այլն:
Չնայած մանագետների հորդորներին՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիների ընթացքում պատվաստվող անձանց քանակը նվազել է։
2022-2023 թվականներին հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 170 000 մարդ, որից 30 498-ը 6 ամսականից մինչեւ 5 տարեկաններն են։
2023-2024 թվականներին հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 165 000 մարդ, որից 28 777-ը 6 ամսականից մինչեւ 5 տարեկաններն են։
2024-2025 թվականներին 2025 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հանրապետությունոմ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 162 154 մարդ, որից 20 001-ը 6 ամսականից մինչեւ 5 տարեկաններն են:

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։