ՀԱՄԱՍ-ի կողմից նախօրեին Իսրայելին հանձնված մարմինը չի պատկանում Շիրի Բիբասին կամ պատանդներից որեւէ մեկին։ «Դա անանուն, անհայտ մարմին է»,- ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:
Նույնականացման ընթացակարգը նախօրեին նաեւ հաստատել էր Շիրի Բիբասի երեխաների՝ գերեվարման պահին չորս տարեկան Արիելի եւ նրա եղբոր՝ ինը ամսական Քֆիրի մահը։
«Նրանք դաժանաբար սպանվել են 2023 թվականի նոյեմբերին՝ գերության մեջ գտնվելիս»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է հունվարի 19-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը կոպտորեն խախտելու համար եւ պահանջում է, որ Շիրի Բիբասը մնացած պատանդների հետ ազատ արձակվի։
Հիշեցնենք՝ մահացած պատանդների դիակները ՀԱՄԱՍ-ը նախօրեին էր փոխանցել Կարմիր խաչին։ Պաղեստինյան շարժումը հայտարարել էր, որ բացի Շիրի Բիբասի ու նրա երկու երեխաների դիերից հանձնել է նաեւ Օդեդ Լիֆշիցի մարմինը։
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատանդները սպանվել են Գազայի հատվածի վրա իսրայելական ավիահարվածի հետեւանքով։
Մահացած երեխաների հայրը՝ Յարդեն Բիբասը, ավելի վաղ ազատ էր արձակվել հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Նա կնոջից ու երեխաներից առանձին էր պահվել։
Բիբաս ընտանիքի ճակատագիրը Իսրայելի հասարակության համար դարձել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման դաժանության խորհրդանիշերից մեկը։
Պատանդների մարմինները հանձնվել են հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագրի շրջանակում։ Դրան հաջողվել էր հասնել ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջոնորդական ջանքերի շնորհիվ։ Սպասվում է, որ ողջ մնացած մյուս վեց պատանդները ազատ կարձակվեն շաբաթ օրը հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց։