«Մեծ յոթնյակը» որոշակի մեղմացումներ է կատարել Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժոման երրորդ տարվան նվիրված կոմյունիկեի նախնական տեքստում: Այդ մասին գրում է Bloomberg-ը։
Համընդունելի փաստաթուղթ ունենալու շուրջ համաձայնության հասնելու դժվարությունները ծագեցին պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների ֆոնին, որոնք անցկացվեցին առանց Ուկրաինայի եւ Եվրոպայի։
Ի թիվս այլ բաների, կոմյունիկեի նախագծից արդեն հանվել են Ուկրաինայի ատլանտյան ինտեգրման, ռուսական ներխուժման «անօրինականության» եւ ռուսական նավթի առավելագույն գնի սահմանափակման վերաբերյալ հղումները։
Bloomberg-ի փոխանցմամբ` փաստաթղթի առաջնային տարբերակը կոչ էր անում խաղաղություն հաստատել եւ «տեղում զորքերով եւ ռեսուրսներով Ուկրաինային ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ զուգորդված համաձայնեցված գծերի մոնիտորինգի համար վստահելի միջազգային վերահսկողությամբ»:
Նշյալ ձեւակերպումը փոխարինվել է «անվտանգության եւ ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման ամուր երաշխիքներ» նախադասությամբ։
«Մեծ յոթնյակը» շարունակում է աշխատել փաստաթղթի վրա, եւ, ըստ Bloomberg-ի հետ զրուցած դիվանագետների, հնարավոր են նաեւ այլ փոփոխություններ: