ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ հանրապետականները չեն ձգտում Ուկրաինային աջակցելու նոր օրինագիծ մշակելու։ Այդ մասին նա հայտարարել է Վաշինգտոնում կայացած «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում»։
«Լսեք, մենք դա անելու ցանկություն չունենք»,- ասել է Ջոնսոնը՝ պատասխանելով լրագրող Ռոբ Ֆիներթիի հարցին:
«Մենք պետք է դադարեցնենք ֆինանսավորումը։ Եվ ես կարող եմ ձեզ ասել, որ դա հասկանում են նաեւ մեր եվրոպացի գործընկերները»,- Ջոնսոնի խոսքերը մեջբերում է ABC News-ը։
Reuters-ն էլ իր հերթին հայտնում է, որ խոսնակը խոսում էր ոչ թե գումարների հատկացման, այլ Ուկրաինայի պատերազմի մասին։ Նշելով, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան պատերազմում մեծ կորուստներ են ունեցել, Ջոնսոնը հայտարարել է, որ պատերազմը պետք է դադարեցվի։
«Մենք պետք է վերջ տանք հակամարտությանը։ Նախագահ Թրամփը միանգամայն իրավացի է։ Կանգ առնելու ժամանակն է, եւ նա [Թրամփը] կարող է դա անել իր ճնշումներով»,- նշել է Ջոնսոնը։
Նախորդ տարվա ապրիլին Ջոնսոնը Ներկայացուցիչների պալատի իր կուսակիցների հետ լուրջ տարաձայնություններ ունեցավ, որի պատճառը Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնություն ցուցաբերելու օրինագիծը քննարկման ներկայացնելն էր:
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Ջոնսոնը վերընտրվեց Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում՝ չնայած իր որոշ կուսակիցների խիստ դժգոհություններին։