Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին է հանձնել հինգ իսրայելցի պատանդների, հայտնում է The Times of Israel-ը։
Պատանդների ազատ արձակումը այս անգամ տեղի է ունեցել տարբեր վայրերում։ Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում Կարմիր խաչին են հանձնվել 39-ամյա Թալ Շոհամին եւ 38-ամյա Ավեր Մենգիստուին։ Եվս երեք պատանդներ՝ 27-ամյա Էլյա Քոհենը, 23-ամյա Օմեր Վենկերտը, 22-ամյա Օմեր Շեմ-Տովը, Կարմիր խաչի աշխատակիցներին են հանձնվել Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի աղբյուրն ավելի վաղ Al Jazeera-ին հայտնել էր, որ ազատ կարձակվի նաեւ 2015 թվականից պատանդ պահվող Հիշամ ալ-Սայեդը, որը կհանձնվի «առանց արարողության՝ պաղեստինցիների նկատմամբ ցուցաբերած հարգանքի համար»:
Ազատ արձակվածները վերջինն են այն 33 պատանդների ցանկում, որոնց ՀԱՄԱՍ-ը պարտավորվել էր ազատել Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի առաջին փուլի շրջանակում: Սրան ի պատասխան Իսրայելը բանտերից ազատ կարձակի 602 պաղեստինցի բանտարկյալների։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարը գործում է հունվարի 19-ից։