Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Քրիստոնյա դեմոկրատների դաշինքն» (CDU/CSU) է` 28,5% ձաներով։ Այդ մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ հիմնվելով բոլոր 299 շրջանների ձայների հաշվարկների արդյունքների վրա։
Գերմանիայի հետպատերազմյան պատմության մեջ առաջին անգամ երկրորդ տեղում է հայտնվել «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցությունը, որը ստացել է 20,8 % քվե:
Ինչ վերաբերում է գործող ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը» (SPD), ապա այն խորհրդարան կանցնի 16,4% ձայներով։ Բունդեսթագում ներկայացված կլինեն նաեւ «Կանաչները»՝ 11,6% քվեով, եւ «Ձախ կուսակցությունը»՝ 8,7% քվեով։
2023 թվականին ստեղծված «Սարա Վագենկնեխտ դաշինքը» (SW) կուսակցությունն էլ ստացել է 4,9% ձայն՝ չհաղթահարելով խորհրդարան անցնելու համար սահմանված 5% շեմը։
Այսպիսով՝ «Քրիստոնյա դեմոկրատների դաշինքը» Բունդեսթագում կզբաղեցնի 208, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 152, Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը»՝ 120, «Կանաչները»՝ 85, իսկ «Ձախ կուսակցությունը»՝ 64 տեղ։
Օլաֆ Շոլցն արդեն ընդունել է իր պարտությունը եւ շնորհավորել է «Քրիստոնյա դեմոկրատների դաշինքի» առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին հաղթանակի կապակցությամբ։
Մերցն էլ X-ի էջում գրել է․ «Կձգտեմ ձեւավորելու դաշնային կառավարություն, որը կներկայացնի Գերմանիայի ամբողջ բնակչությանը եւ կլուծի մեր երկրի խնդիրները»։
„Wir haben diese Bundestagswahl gewonnen, und zwar sehr klar und sehr deutlich. Ich werde mich darum bemühen, eine Bundesregierung zu bilden, die die ganze deutsche Bevölkerung repräsentiert und die Probleme unseres Landes löst.“ ™
— Friedrich Merz (@_FriedrichMerz) February 23, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես շնորհավորել է պահպանողականներին հաղթանակի կապակցությամբ։ Նա TruthSocial սոցիալական ցանցում գրել է․ «Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Գերմանիայի ժողովուրդը հոգնել է անառողջ օրակարգից՝ հատկապես էներգետիկայի եւ ներգաղթի պարագայում, որոնք գերիշխել են տարիներ շարունակ։ Սա մեծ օր է Գերմանիայի համար եւ մեծ օր է Դոնալդ Ջ․ Թրամփ անունով ջենթլմենի առաջնորդության ներքո գտնվող Միացյալ Նահանգների համար։ Շնորհավոր բոլորին։ Շատ հաղթանակներ դեռ առջեւում են»։