Ադրբեջանում փակվել է «Russia Today» («Россия сегодня») մեդիա խմբի մաս կազմող Sputnik լրատվական գործակալության ներկայացուցչությունը, հաղորդում է Report-ը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարությունը։
Հաջիզադեն հավելել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։
«Russia Today» մեդիա խմբի մամուլի ծառայությունից «РИА Новости» գործակալությանը հայտնել են, որ ներկայացուցչության լուծարման մասին պաշտոնական ծանուցումներ չեն ստացել։
«РИА Новости»-ն, վկայակոչելով Հաջիզադեին, հայտնում է, որ փակվել է նաեւ բրիտանական BBC-ի ներկայացուցչությունը։ Ադրբեջանում BBC-ի գործունեության դադարեցման մասին հայտնի էր դարձել դեռեւս փետրվարի 20-ին։ Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմը բանավոր տեղեկացրել է փակման որոշման մասին։ Լրագրողները դադարեցրել են գործունեությունը «մինչեւ իրավիճակի հետագա պարզեցումը»։
BBC-ն հայտնել է, որ մտադիր է շարունակելու ադրբեջաներենով հաղորդումները:
Բացի այդ, ինչպես գրում են TACC-ը եւ Report-ը, Հաջիզադեն նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը չեղարկել է «The Voice of America»-ի («Ամերիկայի Ձայն»-ի) թղթակցի հավատարմագրումը։ Նման որոշման պատճառների մասին չի հաղորդվում։
Փետրվարի սկզբին ադրբեջանական իշխանությունները «Ռոսսոտրուդնիչեստվոյին» ծանուցեցին Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։ Որոշում էր կայացվել նաեւ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) դադարեցման վերաբերյալ։