Եվրամիության խորհուրդը որոշել է չեղարկել Սիրիայի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։
Կչեղարկվեն նաեւ սիրիական չորս բանկերի՝ Industrial Bank, Popular Credit Bank, Saving Bank եւ Agricultural Cooperative Bank, ինչպես նաեւ ազգային ավիաընկերության՝ Syrian Arab Airlines-ի նկատմամբ ներդրված սահմանափակումները։
ԵՄ խորհրդի որոշման մեջ նշվում է, որ սիրիական բանկերին կթույլատրվի գործարքներ իրականացնել՝ կապված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների հետ, ինչպես նաեւ հարաբերություններ հաստատել եվրոպական ֆինանսական կառույցների հետ։ Բացի այդ՝ Սիրիայի Կենտրոնական բանկին կթույլատրվի միջոցների եւ տնտեսական ռեսուրսների տրամադրումը։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն հավատարիմ է Սիրիայի ժողովրդին եւ բիզնեսին էներգետիկ ու տրանսպորտի հիմնական ոլորտներում աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ մարդասիրական եւ վերակառուցման նպատակներով ֆինանսական գործարքների իրականացմանը: Խորհուրդը խոստացել է շարունակել աշխատանքը եւ գնահատել, թե արդյոք հնարավոր է նաեւ կասեցնել մնացած բոլոր տնտեսական պատժամիջոցները։
Եվրամիությունը Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները սահմանել էր Բաշար ալ-Ասադի ռեժիմի օրոք։ Սահմանափակող միջոցների մեծամասնությունը շարունակում է ուժի մեջ մնալ։ 2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում ձեւավորվեց անցումային կառավարություն, որը կգործի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։