ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում քվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաեւ քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ, որոնք քրեորեն պատժելի արարքներ են:
ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաեւ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն են, որ պատժվում են ընդհուպ մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ (2,5-3 տարի ազատազրկում կամ մինչեւ 700.000 ՀՀ դրամ տուգանք):
Աբրահամյանը հայտնել է, որ արդեն իսկ հրապարակված եւ դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով:
Նա ընդգծել է, որ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ եւս նման գործընթաց է նախաձեռնվելու:
«Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալու իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց եւ հրապարակելուց»,- նշել է Աբրահամյանը: