Ուկրաինա ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի երրորդ տարելիցի առիթով Կիեւի դաշնակիցները հայտարարել են օգնության նոր փաթեթների տրամադրման մասին։
Փետրվարի 24-ին Կիեւ ժամանած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինան մարտին կստանա 3,5 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ։
«Երեք տարի առաջ Ռուսաստանը լայնամասշտաբ եւ անօրինական նվաճողական պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանի դաժան պատերազմը միտումնավոր կերպով ուղղվում է քաղաքացիական եւ կարեւոր ենթակառուցվածքների դեմ: Ուկրաինացի ժողովուրդը խիզախություն դրսեւորեց՝ պաշտպանելով իր պետությունը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել եւ կորցրել են իրենց հարազատներին Ուկրաինայի անկախության եւ ազատության համար մղած պայքարում»,- ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ԵՄ առաջնորդները խոստանում են շարունակել աջակցությունը Կիեւին եւ աշխատել արդար խաղաղության հասնելու ուղղությամբ։
Նրանք ընդգծել են, որ «ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրումը արդեն սկսվել է»։
«Ուկրաինացիները ցանկություն են հայտնել լինելու Եվրամիություն մեջ։ Մենք դա ճանաչել ենք՝ Ուկրաինային տրամադրելով թեկնածու երկրի կարգավիճակ եւ անդամակցության բանակցություններ սկսելով։ Ուկրաինան ամենադժվար պայմաններում զգալի առաջընթաց է գրանցել անդամակցության հետ կապված բարեփոխումների հարցում։ Մենք արդեն ինտեգրում ենք Ուկրաինային ԵՄ ներքին շուկային։ Ուկրաինայի եւ նրա քաղաքացիների ապագան Եվրամիությունում է»,- ասվում է հայտարարության տեքստում։
Ընդգծենք, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին հայտարարել է նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որը նույնպես այսօր Կիեւում է։ Նա հայտարարել է, որ իր երկիրը շուտով կտրամադրի 5 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ «ֆինանսավորվող ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներով»: Բացի այդ՝ Թրյուդոն հավելել է, որ Կանադան Ուկրաինային կմատակարարի 25 LAV III հետեւակի մարտական մեքենաներ եւ F-16 կործանիչների օդաչուների պատրաստման չորս սիմուլյատորներ։
Մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին էլ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Ուկրաինայում հումանիտար եւ քաղաքացիական ծրագրերին աջակցելու համար նույն չափ գումար կտրամադրի նաեւ Նորվեգիան։
Ֆինլանդիան նախատեսում է 2025-2027 թվականներին 4,5 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի կայունությանն աջակցելու համար։ Դանիան էլ 54 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինայում մարդասիրական օգնության եւ վերականգնման համար։