ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել մի քանի շաբաթվա ընթացքում։
«Կարծում եմ, որ մենք կարող ենք սա ավարտել մի քանի շաբաթվա ընթացքում: Եթե մենք խելացի լինենք։ Եթե մենք խելացի չլինենք, սա կշարունակվի, եւ մենք կշարունակենք կորցնել երիտասարդ, գեղեցիկ մարդկանց, որոնք չպետք է մահանան։ Իսկ մենք դա չենք ուզում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաեւ նշել է, որ չի ցանկանում թույլ տալ հակամարտության հետագա սրում եւ Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
«Սա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, եթե մենք ինքներս չհոգանք դրա մասին: Կգա մի պահ, երբ պատերազմն այլեւս չի սահմանափակվի այս երկու երկրներով։ Դրան կներգրավվեն այլ երկրներ։ Եվ սա իսկապես կարող է հանգեցնել շատ մեծ պատերազմի՝ Երրորդ համաշխարհային պատերազմի: Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը նաեւ նշել է, որ կարող է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այս կամ հաջորդ շաբաթ հանդիպել Սպիտակ տանը՝ հանքարդյունաբերության հետ կապված համաձայնագիրը ստորագրելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան «շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն»։
Մակրոնն էլ հերթական անգամ հայտարարել է Ուկրաինայի տարածք եվրոպական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին։ Թրամփն արձագանքել է՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կընդունի» Եվրոպայից խաղաղապահների ուղարկելու գաղափարը՝ որպես պոտենցիալ խաղաղ համաձայնագրի մաս։
Մակրոնն առաջին եվրոպացի նախագահն է, որը հանդիպել էր Թրամփի հետ դեռ հունվարին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: Վաշինգտոն մեկնելուց առաջ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել սպառնալիք հանդիսացող Ռուսաստանին «զսպելու» համար։