ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ «չեզոք» բանաձեւի նախագծին, որն առաջարկել էին ԱՄՆ ներկայացուցիչները։ Տեքստում կոչ է արվում շուտափույթ դադարեցնել պատերազմը, սակայն Ռուսաստանը դրանում չի բնութագրվում որպես ագրեսոր կողմ: Սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմինը համատեղ որոշում է ընդունում ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
Անվտանգության խորհրդի նիստը կայացել է փետրվարի 24-ի երեկոյան՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկի երրորդ տարվա կապակցությամբ։
Ինչպես նշում է Reuters-ը, բանաձեւն արտացոլում է ԱՄՆ-ի չեզոք դիրքորոշումը հակամարտության նկատմամբ:
Բանաձեւին կողմ են քվեարկել 10 երկիր։ Դեմ ձայներ չեն եղել։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը եւ Սլովենիան ձեռնպահ են մնացել։
«Այս բանաձեւը մեզ դնում է խաղաղության ուղու վրա։ Սա առաջին կարեւոր քայլն է, որով բոլորս պետք է հպարտանանք։ Այժմ մենք այն պետք է օգտագործենք Ուկրաինայի, Ռուսաստանի եւ միջազգային հանրության խաղաղ ապագան կառուցելու համար»,-քվեարկությունից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնակատար Դորոթի Շին։
Բանաձեւի հակիրճ տեքստում նշվում է, որ ցավ են հայտնում «ռուս-ուկրաինական հակամարտության» զոհերի համար եւ հաստատում, որ ՄԱԿ-ի նպատակը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն է։ Բանաձեւը կոչ է անում հնարավորինս շուտ տեւական խաղաղություն հաստատել։
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկել է այն նույն տեքստը, որը նախօրեին ներկայացրել էր Գլխավոր վեհաժողովում քվեարկության համար։ Սակայն այդ առաջարկը ընդունվել էր եվրոպական երկրների երեք ուղղումներից հետո, որոնք պահանջում էին դատապարտել ռուսական ագրեսիան։ Անվտանգության խորհրդում ուղղումներ մտցնել չհաջողվեց։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը հայտարարել է, որ «չի կարող հավասարություն լինել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ»։ Նա հավելել է, որ «Մոսկվան է որոշել ագրեսիվ պատերազմ սկսել», եւ Անվտանգության խորհուրդը «պետք է դա հստակ հայտարարի»։
Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան էլ բանաձեւի տեքստն անվանել է «ողջախոհության նախաձեռնություն» եւ նշել, որ նախագիծն արտացոլում է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ նոր վարչակազմի ներդրում ունենալու ցանկությունը։ Նրա խոսքով՝ «միակ խաղացողը, որը ցանկանում է, որ պատերազմը շարունակվի», մնում է «ռազմականացվող Եվրոպան»։