Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավանական է համարում, որ Ուկրաինայում հրադադար կարող է հաստատվել առաջիկա շաբաթների ընթացքում։
«Ես հուսով եմ, որ դա այդպես է։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք հիշում է ողջ այս կորուստների եւ այն ամենի մասին, ինչի միջով անցավ ուկրաինացի ժողովուրդը վերջին երեք տարիների ընթացքում։ Նրանք միայն պաշտպանում են իրենց տարածքն ու ինքնիշխանությունը»,- ասել է Մակրոնը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նա միեւնույն ժամանակ բարձր է գնահատել պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, սակայն կոչ է արել նրան «զգույշ լինել» բանակցային գործընթացում։
«Մենք խաղաղություն ենք ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի նախաձեռնությունը շատ դրական է։ Բայց ես ուզում եմ ասել. զգո՛ւյշ եղեք, քանի որ մենք պետք է ինչ-որ էական բան տանք Ուկրաինային»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա կարծիքով Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «շրջադարձային» էր։
Փետրվարի 24-ին Վաշինգտոնում կայացավ Մակրոնի եւ Թրամփի հանդիպումը։ Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է ավարտվել մի քանի շաբաթվա ընթացքում։ Նա նաեւ նշել է, որ չի ցանկանում թույլ տալ հակամարտության հետագա սրում եւ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։