Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ կապված Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հետ։
«Պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ կասկածվողներին պատասխանատվության ենթարկելը ոչ միայն Ադրբեջանի իրավունքն է, այլ նաեւ միջազգային իրավունքով նախատեսված պարտավորությունը»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարը։
Նա նաեւ պնդել է, որ Բաքուն երաշխավորում է «մեղադրյալների» միջազգային իրավունքով նախատեսված իրավունքները:
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ։
Ադրբեջանական բանտերում դեռեւս 23 հայ է պահվում, այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բաքո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը նույնպես սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի գործերը առանձնացվել են, եւ նրա դատավարությունը կընթանա առանձին։