Վրաստանը լիովին աջակցում է Ուկրաինայում խաղաղ բանակցություններ սկսելու ԱՄՆ ջանքերին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք աջակցում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների [Ուկրաինայի հարցով] խաղաղության ծրագրին եւ հուսով ենք, որ այն շատ շուտով կհաջողվի»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքերով՝ կապված այս ամենի հետ, ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի ամերիկյան տարբերակին աջակցել եւ դրա համահեղինակն է դարձել նաեւ Վրաստանը։
Նշենք, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ամերիկյան բանաձեւին։ Դրա տեքստում կոչ էր արվում դադարեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը՝ առանց Ռուսաստանին որպես «ագրեսոր» կողմ բնութագրելու։