Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ՀՀ ԱԺ-ի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպական հարցերին:
Դաշնային խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մատվիենկոն պաշտոնական այցով Երեւան կմեկնի «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»։
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ «խորհրդարանական դիվանագիտության պրիզմայով»։
Մատվիենկոյի այցի ժամկետների շուրջ մանրամասներ կողմերը հաղորդագրությունների մեջ չեն նշում։