Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի նախկին նախագահների եւ Արցախում մնացած հայ պաշտոնյաների շարժին հետեւում էին նաեւ նրանց հեռախոսներով: Երբ, մասնավորապես, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դուրս եկան նախագահականից եւ նետեցին իրենց հեռախոսները, ադրբեջանցիները սկսեցին նրանց փնտրել ռուս խաղաղապահների մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում:
Արցախի նախկին նախագահները, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը եւ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը ապաստան էին գտել ռուսական խաղաղապահ առաքելության հոսպիտալում: Նրանք այնտեղ մնացել են երեք օր՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին եւ 2-ին: Ռուս խաղաղապահները մի քանի անգամ փորձ են արել Ղուկասյանին եւ Սահակյանին Ստեփանակերտից ուղղաթիռով տեղափոխելու Սիսիան, սակայն չի հաջողվել, Ադրբեջանը կանխել է: Ռուս խաղաղապահները այլ հայերի, այդ թվում Ռուբեն Վարդանյանին, Արցախից դուրս բերելու փորձ չեն կատարել:
Ադրբեջանի պահանջի մասին, այն է՝ Դավիթ Բաբայանը եւ Ռուբեն Վարդանյանը պետք է ներկայանան եւ հանձնվեն անմիջապես, իսկ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը պետք է ձերբակալվեն հայերի դուրս գալու ընթացքում, քննարկվել է Արցախի ղեկավարության հավաքի ժամանակ, որից լուսանկար եւ կարճ տեսանյութ պահպանվել է: Այսինքն՝ բոլորը գիտեին, թե ում եւ ինչ ճակատագիր է սպասում: Այդ հավաքին ներկա չի եղել Ռուբեն Վարդանյանը, որը նախորդող օրերին Քոլատակում էր:
Ռուբեն Վարդանյանը տեղեկացված եղե՞լ է, որ Բաքուն, անձամբ Իլհամ Ալիեւը պահանջել է նրա անմիջական ձերբակալությունը: Եթե անգամ ուղիղ չի տեղեկացվել, ապա պարզ է, որ նա այլ ճանապարհներով իմացել է դրա մասին: Սեպտեմբերի 27-ին Վարդանյանը ձերբակալվեց Հակարիի անցակետը հատելու եւ Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ: Նրա մեքենայում եղել է նաեւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, ինչպես նաեւ մեկ այլ անձնավորություն, որին Բաքվում երկու օր պահելուց հետո վերադարձրել են հայկական կողմին:
Դավիթ Մանուկյանը չի եղել այն ցուցակում, որ պահանջել է Ադրբեջանը, սակայն դժվար է պնդել, որ եթե նա չլիներ Ռուբեն Վարդանյանի հետ, ապա չէր ձերբակալվի: Գուցե նրան եւս հաջողվեր անխոչընդոտ անցնել Հակարին, ինչպես դա արել են Սամվել Բաբայանը եւ Արցախի բազմաթիվ այլ պաշտոնյաներ:
Արցախի պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը, որը նույնպես չի եղել Ադրբեջանի պահանջած հինգհոգանոց ցուցակում, սեպտեմբերի 29-ին ձերբակալվում է Հակարիում: Մնացականյանը նախքան Ստեփանակերտից դուրս գալը փորձել է Ռուսաստանում գտնվող տարբեր անձանց միջոցով անվտանգ հեռանալ Արցախից: Ադրբեջանցիների հետ բանակցող Արցախի ղեկավարության հորդորներին, որ չպետք է կապվել Ռուսաստան, այլ ուղղակի հեռանալ, պարոն Մնացականյանը չի վստահել: Ադրբեջանցիները հետեւել եւ լսել են նրա հեռախոսային զրույցները: Մնացականյանի դեպքում եւս դժվար է պնդել, որ եթե նա ավելի վաղ դուրս գար Ստեփանակերտից եւ միջնորդներ չփնտրեր, ապա ադրբեջանցիները չէին ձերբակալի:
Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ամենավերջիններից է դուրս եկել: Նա վերջին օրերին եղել է ռուսների մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանում: Սեպտեմբերի 25-ին 24News-ի հետ հեռախոսազրույցում Բալասանյանը ասել էր, որ չի պատրաստվում լքելու իր ծննդավայրը. «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»։ Տեղահանությունից հետո Ստեփանակերտում մնացած, ապա Հայաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված եւ երկարատեւ բանտարկության դատապարտված Սարգիս Գալստյանը այդ օրերին Արցախի ղեկավարության հետ զրույցում ասել է, որ ինքը եւս չի հեռանալու, ինչպես չի հեռանալու նաեւ Բալասանյանը: Հոկտեմբերի առաջին օրերին ռուս խաղաղապահները Բալասանյանին հասցնում են Հակարի, որտեղից էլ նա անվտանգ անցնում է Հայաստան:
Սեպտեմբերի վերջերին, երբ Արցախի երկու նախկին նախարարներ Կարեն Շահրամանյանը եւ Կարեն Սարգսյանը փորձում են դուրս գալ Ստեփանակերտից, ադրբեջանցիները նրանց կալանավորում եւ տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն: Նույն ժամանակ Հակարիում ձերբակալում են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին եւ պետնախարար Արթուր Հարությունյանին: Նրանց տեղեկացնում են, որ տեղափոխելու են Բաքու, սակայն որոշ ժամանակ անց նրանց եւս տեղափոխում են Կարեն Սարգսյանի առանձնատուն:
Այսպես, ադրբեջանական կողմը խախտում է արցախյան կողմի հետ Եվլախում ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած հանդիպմանը եւ դրան հաջորդած շփումների ընթացքում Ադրբեջանը ներկայացրել է վերջնագիր՝ հինգ պաշտոնյաների ստանալու դիմաց մյուս հայերը կարող են հեռանալ Հայաստանի Հանրապետություն, իսկ նրանց փաստաթղթային ստուգումը Հակարիի կամրջի մոտ հեշտացված կարգով է լինելու:
Բաքվի պահանջած հինգ հոգին էին նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանը ինքնակամ հանձնվել էր, Ռուբեն Վարդանյանը՝ ձերբակալվել Հակարիում, մյուս երեքը շարունակում էին մնալ Ստեփանակերտի օդանավակայանում:
Ադրբեջանցիների հետ վերջին բանակցողը՝ Սամվել Շահրամանյանը, կապվում է Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ, որը Շուշիում էր: Տեղի է ունենում Շահրամանյան-Շիդլինսկի հանդիպում:
Շարունակելի
Այս շարքի մեր նախորդ երեք հրապարակումներն են՝ «Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները», «Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան», «Ռուբեն Վարդանյանի եւ Դավիթ Բաբայանի ձերբակալության պահանջը դրել է անձամբ Իլհամ Ալիեւը»:

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։