Ուկրաինայի ղեկավարությունն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնեցրել են բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները, հայտնում է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նույնը հայտնել են AFP, Bloomberg, Reuters գործակալությունների եւ ուկրաինական «Экономическая правда» պարբերականի աղբյուրները։
Ուկրաինացի պաշտոնյաները FT-ին պատմել են, որ Կիեւը հանաձայնել է ստորագրել Ուկրաինայի հանքային պաշարները, ներառյալ նավթն ու գազը համատեղ զարգացնելու վերաբերյալ պայմանագիրը, երբ Վաշինգտոնը հրաժարվել է բնական պաշարների շահագործումից 500 միլիարդ դոլարի հնարավոր եկամուտ ստանալու պահանջից:
Համաձայնագրի վերջնական տարբերակը, որը թվագրված է փետրվարի 24-ով, նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որտեղ Ուկրաինան կներդնի հանքարդյունաբերությունից, նավթից եւ գազից ստացվող եկամուտների 50 տոկոսը: Հիմնադրամը ներդրումներ կկատարի Ուկրաինայում իրականացվող նախագծերում։
Ինչպես նշում է FT-ը, հիմնադրամի գործունեությունը չի տարածվի այն ռեսուրսների վրա, որոնք արդեն եկամուտ են ապահովում Ուկրաինայի պետական գանձարանի համար, այսինքն՝ դա չի ազդի գազի եւ նավթի ուկրաինական խոշորագույն արտադրողների՝ «Նեֆտոգազ» եւ «Ուկրնաֆտի» գործունեության վրա։
Միեւնույն ժամանակ, համաձայնագրում որեւէ հիշատակում չկա ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների մասին, ինչի վերաբերյալ ի սկզբանե պնդում էր Կիեւը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ տնտեսական կապերը «դե ֆակտո անվտանգության վահան կդառնան», գրում է Bloomberg-ը։
Ինչպես հաղորդում է «Экономическая правда»-ն, համաձայնագրի հաստատված տեքստում նշվում է, որ Ուկրաինան եւ ԱՄՆ-ը համատեղ են կառավարելու հիմնադրամը, սակայն ԱՄՆ-ը իրավասու է որոշումներ կայացնելու ամերիկյան օրենսդրության շրջանակում։
Financial Times-ի ուկրաինական աղբյուրները հավելել են, որ ձեռք բերված գործարքը միայն «շրջանակային համաձայնություն» է, եւ որ որեւէ եկամուտ չի հայտնվի այլ ձեռքերում, քանի դեռ հիմնադրամը չի ստեղծվել: Հարցերը, ինչպիսիք են հիմնադրամում ԱՄՆ-ի մասնաբաժնի չափը եւ «համատեղ ներդրումների» շուրջ գործարքների պայմանները, պետք է լուծվեն հետագա համաձայնագրերով: Գործարքը հավանության է արժանացել արդարադատության, էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարների կողմից:
Bloomberg-ը գրում է, որ փետրվարի 26-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը նախատեսում է առաջարկել ստորագրել այս համաձայնագիրը։ Փաստաթուղթը պետք է հաստատի նաեւ Գերագույն ռադան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա շաբաթներին կմեկնի Սպիտակ տուն, որտեղ Թրամփի հետ հանդիպման ընթացքում կստորագրի համաձայնագիրը, հայտնում են FT-ի աղբյուրները։ «Экономическая правда»-ն էլ գրում է, որ փաստաթուղթը պետք է ստորագրեն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ըստ AFP-ի՝ համաձայնագիրը կարող է ստորագրվել Վաշինգտոնում ադեն փետրվարի 28-ին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտակար հանածոների շուրջ գործարքի վերաբերյալ առաջարկը ներառել էր 2024 թվականի սեպտեմբերին ներկայացված «Հաղթանակի ծրագրում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է Ուկրաինայից ստանալ 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ ամերիկյան օգնության դիմաց։
Երկու երկրների միջեւ վերջին բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը ներկայացրել է հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի մի քանի տարբերակներ։ Դրանցից մեկում նշվում էր, որ ԱՄՆ-ը ստանալու է 100% բաժնեմաս գործարքի շրջանակում համատեղ ստեղծվող հիմնադրամում։ Ուկրաինան այս պահանջն անընդունելի է համարել, եւ այն դուրս է մնացել պայմանագրի վերջնական տարբերակից։
Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին հայտարարել է, որ մտադիր է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ՝ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։