Ազգային ժողովում փետրվարի 25-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստը:
Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է՝ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղիով զարգանալու ճանապարհը:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանն էլ իր խոսքում հիշեցրել է, որ երկու շաբաթ առաջ ՀՀ Ազգային ժողովը հավանության է արժանացրել այն նախագիծը, որով մեր երկիրը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը:
«Սա մեր քաղաքացիների մի ստվար զանգվածի պահանջն էր, եւ խորհրդարանում իշխող մեծամասնությունը որոշեց ընդառաջել այս նախաձեռնությանը եւ Կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով առաջ տանել գործընթացը»,- նշել է համանախագահը։
Անդրադառնալով նախորդ տարիների ձեռքբերումներին՝ պատգամավորն առանձնակի ընդգծել է Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:
«Սա մի որոշում էր, որին մենք շատ երկար ժամանակ սպասել ենք եւ աշխատել ոչ միայն Եվրամիության ինստիտուտների, այլեւ ԵՄ անդամ երկրների հետ առանձին»,- նշել է Արման Եղոյանը եւ շնորհակալություն հայտնել ԵՄ անդամ 27 պետություններին՝ երկխոսությունը հնարավոր դարձնելու համար: Նա հույս է հայտնել, որ մի քանի տարիների ընթացքում վիզաների ազատականացումը կդառնա իրողություն:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի խոսքով էլ ԵՄ-ն ու Հայաստանն այսքան սերտ հարաբերություններ երբեք չեն ունեցել:
«Եվրոպական խորհրդարանն արդեն հստակ արտահայտել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն ինչ կախված է նաեւ Հայաստանից, թե ինչ բնույթի հարաբերություններ է ձգտում ունենալու»,- նշել է Ուշակովսն ու փաստել՝ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի եւ կդիտարկվի ըստ պահանջների, առաջնահերթության եւ չափորոշիչների:
«Կարեւոր է, որ այս ուղերձը հստակ հասցնենք Հայաստանի ժողովրդին, որ մարդիկ հասկանան՝ ինչ մարտահրավերներ ակնկալեն, եւ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ»,- հավելել է համանախագահը:
Նա նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որը Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը եւ դարձել Միջազգային քրեական դատարանի անդամ: «Այսպիսի մարտահրավերների պայմաններում Հարավային Կովկասում շատ կարեւոր է, որ մեր անվտանգային համագործակցությունը զարգացնենք: ԵՄ քաղաքացիական առաքելությունն օգնել է իրավիճակը կայունացնելու Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասել է Ուշակովսը եւ նշել Ադրբեջանի կողմից այս համագործակցությունը մերժելու եւ ԵՄ առաքելությունը Հայաստանում դադարեցնելու ցանկության մասին:
«Հայաստանը հանձն է առել խաղաղության օրակարգ, եւ մենք դրան աջակցում ենք, իսկ Ադրբեջանի արձագանքն այս ամենին շատ դժվար է հասկանալ ու մեկնաբանել»,- նշել է համանախագահը:
Եվրոպացի պատվիրակը փաստել է նաեւ, որ ԵՄ-ն հետաքրքրված է նաեւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը շատ կարեւոր է տարարածաշրջանի կապերի եւ ենթակառուցվածքների բացման համար: Այս համատեքստում նա կոչ է արել Անկարային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցն առանձնացնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրակարգից:
Օրակարգի եւ 2023 թվականի մարտի 9-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո խորհրդարանականներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Արդեն հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակներին, ճանապարհային քարտեզին ու ժամկետներին: Այս համատեքստում Կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը կարծիք է հայտնել, որ պետք է փորձել խուսափել ոչ իրատեսական սպասումներից ու ակնկալիքներից եւ ասել ժողովրդին, թե ինչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալ, ընտրել այս ճանապարհը, ինչ ենք փոխելու մեր երկրում եւ միջազգային հարաբերություններում:
«Մենք երբեւէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակացույցի հետ կապված: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սա երկարատեւ գործընթաց է»,- փաստել է Եղոյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է՝ կունենանք կանոնակարգված պարբերական հանդիպումներ Ազգային ժողովի հետ, կքննարկենք համագործակցության, բարեփոխումների շրջանակը:
Նիստի մասնակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարներին, Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ժողովրդավարական արժեքների, անվտանգության եւ մարդու իրավունքների հարցերում համընդհանոր նպատակներին ու արժեհամակարգին: Ընդգծվել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը երկկողմ իրականացվող գործընթաց է:
Տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգային մարտահրավերների ու Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ-Հայաստան փոխգործակցության շրջանակում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գործընթացը: