Թեհրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում։
«Մենք ձգտում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու պատրաստ ենք աջակցելու այդ հարցում»,-հայտարարել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, այդ թվում՝ Իսրայել-Պաղեստին հակամարտության գոտում, Սիրիայում, Լիբանանում, Աֆղանստանում, Կովկասում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Լավրովն ու Արաղչին կարեւորել են Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հունվարին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։
Ռուսաստանի արտգործնախարարը իրանցի գործընկերոջն է ներկայացրել ուկրաինական հակամարտության շուրջ Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։
Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ միջուկային ծրագրի հարցում Թեհրանը կշարժվի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ համագործակցությամբ եւ դիրքորոշումների համակարգմամբ։
«Ինչ վերաբերում է միջուկային բանակցություններին, ապա Իրանի դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք չենք բանակցելու ճնշման, սպառնալիքների կամ պատժամիջոցների ներքո։ Ուստի միջուկային խնդրի շուրջ մեր եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղակի բանակցությունների հնարավորություն չի լինի, քանի դեռ այս ձեւով առավելագույն ճնշում է գործադրվում»,- հայտարարել է Արաղչին՝ վերահաստատելով Իրանի ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը։