ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ներդնել «ոսկե քարտերի» վաճառքի համակարգը, որը թույլ կտա մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում եւ ճանապարհ բացել հինգ միլիոն դոլարով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար։
«Այս քարտը գնելով՝ մեր երկիր կգան հարուստ մարդիկ։ Նրանք հաջողակ կլինեն, մեծ գումարներ կծախսեն, շատ հարկեր կվճարեն ու շատ մարդկանց աշխատանքի կընդունեն։ ԱՄՆ-ը կարող է վաճառել մեկ միլիոն կամ ավելի «ոսկե քարտեր»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի երկու շաբաթից։
Հարցին, թե արդյոք այդ քարտերը կարող են վաճառվել նաեւ ռուս օլիգարխներին, Թրամփը պատասխանել է․ «Այո՛, հնարավոր է։ Ես մի քանի ռուս օլիգարխների գիտեմ, որոնք շատ լավ մարդիկ են»։
ԱՄՆ նախագահի առաջարկած «ոսկե քարտերը» կփոխարինեն գոյություն ունեցող EB-5 ծրագրին, որը գործարկվել է 1992 թվականին, նշում է Axios-ը։ Այն օտարերկրացիներին առաջարկում էր «գրին քարտեր» ԱՄՆ-ում ներդրումների համար (800 հազարից մինչեւ 1 միլիոն դոլլարի ներդրումներ տնտեսապես անապահով գոտիներում)։ Սակայն դեռ պարզ չէ, թե առանց Կոնգրեսի հավանության արդյոք Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել կամ փոխել գոյություն ունեցող ծրագիրը, գրում է Axios-ը։
Անձամբ Թրամփը, ինչպես գրում է Bloomberg-ը, չի կարծում, որ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ է։ Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է բաց պահել դեպի ԱՄՆ օրինական ներգաղթի ճանապարհները, չնայած որ իրականացնում է երկրի պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենածավալուն արտաքսումներից մեկը։