Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների նոր հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին Ստամբուլում` քննարկելու երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կատար կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
«Մենք հայտարարել ենք, որ մեր դիվանագետները, բարձր մակարդակի փորձագետները կհանդիպեն եւ կուսումնասիրեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախորդ [ԱՄՆ] վարչակազմի անօրինական գործունեության հետեւանքով՝ կապված Ռուսաստանի դեսպանատան գործունեության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու հետ, ինչին մենք, բնականաբար, փոխադարձ պատասխանել ենք եւ նաեւ անհարմար պայմաններ ստեղծել Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը հույս է հայտնել, որ Ստամբուլի հանդիպումից հետո «պարզ կլինի, թե կողմերը որքան արագ եւ արդյունավետ կկարողանան առաջ շարժվել»։
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացան Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունների բանակցությունները։ Այս մակարդակով բանակցությունները կողմերի միջեւ առաջինն էին 2022-ին ռուսական բանակի Ուկրաինա ներխուժելուց հետո։ Հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ քննարկվել է ռուս-ամերիկյան հարաբերությունների եւ ուկրաինական հակամարտության կարգավորումը։