ԱՄՆ-ը Ուկրաինային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի տրամադրի: Այդ մասին նախօրեին՝ փետրվարի 26-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես չեմ պատրաստվում եղածից ավելի անվտանգության երաշխիքներ տալ: Մենք դա կվստահենք Եվրոպային, քանի որ, ինչպես գիտեք, խոսքը Եվրոպայի մասին է. դա նրանց հարեւանն է։ Բայց մենք, իհարկե, այնպես կանենք, որ ամեն ինչ լավ ընթանա»,-հայտարարել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի անվտանգությունը կապահովվի Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրով, որը նա հույս ունի ստորագրելու ուրբաթ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի ժամանակ։ Նրա խոսքերով՝ ոչ ոք չի համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա, քանի դեռ ԱՄՆ-ը այնտեղ է։
Թրամփը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ գործերը «շատ լավ» են ընթանում։ Նա վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Բացի այդ՝ ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ կրկնել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա։ Ըստ նրա՝ Մոսկվան նույնպես ստիպված կլինի զիջումների գնալ։