ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու եւ ստանալու, ինչպես նաեւ ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու եւ կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար տարածաշրջանի ընտրողներին անձամբ եւ միջնորդների միջոցով կաշառք են բաժանել:
Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.-ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն եւ Կ. Կ.-ն: Վերջիններս կասկածվում են նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք բաժանելու եւ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: Կատարվում է նախաքննություն:
Ընտանեկան ընտրակաշառք
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ 43-ամյա տղամարդը նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ Թալին քաղաքի մի բնակչուհու խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
«Հունիսի 20-ին՝ ժամը 12․40-ին, Թալին քաղաքի Երեւանյան փողոցից կինը, ամուսինն ու դուստրը ընտրակաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին։ Կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր անվանական արժեքներով թղթադրամներ, որոնք, ըստ նրա, իր, ամուսնու եւ դստեր քվեների համար են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- հայտնել է ՀՀ ոստիկանությունը։