Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլի շրջանակում փետրվարի 26-ի երեկոյան Կարմիր խաչի աշխատակիցներին է հանձնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված չորս պատանդների մարմինները։
Միեւնույն ժամանակ, կրկին Կարմիր խաչի միջնորդությամբ, սկսվել է 625 պաղեստինցի բանտարկյալների ազատման գործընթացը։ Նրանցից մի քանիսին ավտոբուսով տեղափոխել են Գազայի հատված, սպասվում է, որ ավելի քան 400 մարդ կուղարկվի այս ուղղությամբ։ Եվս 97 բանտարկյալ հանձնվել է Եգիպտոսին։
Իսրայելցի փորձագետները դեռ պետք է հաստատեն ՀԱՄԱՍ-ի հանձնած դիերի ինքնությունը։ Ըստ ցուցակի՝ դրանք պետք է լինեն Ցախի Իդանի, Օհադ Յահոլոմի, Իցհակ Էլգարտի և Շլոմո Մանսուրի մարմինները:
Կիբուց Նիր Օզը դիակների տեղափոխման մասին հաղորդումներից հետո հայտարարել է, որ Յահոլոմին եւ Էլգարտը սպանվել են գերության մեջ, գրում է The Times of Israel-ը։
Չորեքշաբթի՝ փետրվարի 26-ին, հայտնի դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը չորս պատանդների մարմինները կհանձնի Իսրայելին՝ հանգստյան օրերին չազատված պաղեստինցի բանտարկյալների դիմաց։
ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում Իսրայելը շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, պետք է բանտից ազատեր 602 պաղեստինցիների՝ շարժման կողմից վեց իսրայելցի պատանդների ազատ արձակման դիմաց: Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց պաղեստինցիների ազատ արձակումը կասեցնելու մասին՝ պատճառաբանելով, որ ՀԱՄԱՍ-ը «պատանդների արժանապատվությունը նսեմացնող քարոզչական արարողություններ» է իրականացնում։ Սա սպառնալիքի տակ էր դրել հրադադարի համաձայնագրի շարունակությունը։
Չորս զոհված պատանդների մարմինների հանձնումը Իսրայելի եւ Համասի միջեւ հունվարի կեսերին ձեռք բերված համաձայնագրի առաջին փուլի վերջին քայլն էր։ Ակնկալվում է, որ երկրորդ փուլը կներառի մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, եւ Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, թեեւ պարզ չէ, թե կողմերը որքանով են պատրաստ անցնելու հետագա քայլերի: