Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում սկսվել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջեւ դեսպանատների աշխատանքի վերականգնման հարցերով բանակցությունները։
Reuters-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել էր, որ «օրակարգում ներառված են անձնակազմի, վիզաների, դիվանագիտական բանկային օպերացիաների եւ այլ գործառնական հարցեր»։ Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինային առնչվող հարցեր չեն քննարկվելու։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզաբանել էր, որ հանդիպմանը քննարկվելու է Մոսկվայում եւ Վաշինգտոնում դեսպանատների, ինչպես նաեւ Նյու Յորքում եւ Հյուսթոնում Ռուսաստանի հյուպատոսությունների աշխատանքը։
Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքներից պարզ կդառնա, թե որքան արագ եւ արդյունավետ կկարողանան կողմերն առաջ շարժվել։
Լավրովը նաեւ ընդգծել էր, որ բանակցություններին կմասնակցեն «բարձր մակարդակի դիվանագետներ եւ փորձագետներ»։
Reuters-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում իրենց երկրների պատվիրակությունները կգլխավորեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սոնատա Կուլտերը եւ ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պայմանավորվել են վերականգնել Մոսկվայում եւ Վաշինգտոնում դեսպանատների աշխատակիցների նախկին քանակը։ Սկսած 2016 թվականից՝ Մոսկվան ու Վաշինգտոնը վտարել էին հարյուրավոր դիվանագետների։