ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է թուլացնել Ռուսաստանի ունեցած կապերը Չինաստանի հետ, սակայն չի ցանկանում տարաձայնություններ սերմանել երկրների միջեւ։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։
«Չգիտեմ՝ մենք երբեւէ կկարողանա՞նք ամբողջությամբ խզել նրանց [Ռուսաստանի] հարաբերությունները չինացիների հետ։ Ես նաեւ չեմ կարծում, որ Չինաստանին ու Ռուսաստանին միմյանց հակադրելը լավ է համաշխարհային կայունության համար՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են»,- ասել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքերով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի սերտ կապերը խնդիրներ կարող են ստեղծել Միացյալ Նահանգների համար, հատկապես, եթե Մոսկվան դառնա Պեկինի «մշտական կրտսեր գործընկերը», քանի որ դա երկու միջուկային տերություններին կմիավորի Միացյալ Նահանգների դեմ:
«Մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ անկախ ԱՄՆ-ի հետ հարաբերություննորը կարգավորելու ցանկությունից, Ռուսաստանը չի կարողանա դա անել, քանի որ ամբողջությամբ կախվածության մեջ կլինի չինացիներից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնի համար լավագույն տարբերակը կլինի Ռուսաստանի հետ «հարաբերություններ ունենալը»։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը քննարկում են Արկտիկայի հարցը՝ որպես տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտ։ Ըստ գործակալության աղբյուրների՝ ամերիկացի պաշտոնյաները Արկտիկայում համագործակցությունը դիտարկում են որպես «Մոսկվայի եւ Պեկինի միջեւ սեպ խրելու միջոց»։ Bloomberg-ի զրուցակիցները նաեւ կարծիք էին հայտնել, որ դա հազիվ թե հաջող լինի՝ հաշվի առնելով, թե որքան են մտերմացել Ռուսաստանը եւ Չինաստանը վերջին տարիներին:
Փետրվարի 18-ին Ռիադում տեղի ունեցան ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների առաջին բանակցությունները, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները։ Դրանից օրեր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Կրեմլի հայտարարության մեջ ասվում է, որ «չինական կողմը աջակցություն է հայտնել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սկսված երկխոսությանը, ինչպես նաեւ իր պատրաստակամությունը՝ ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու գործում»: