Ստամբուլում կայացել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բանակցությունները, որոնք նվիրված էին երկու երկրների դեսպանատների աշխատանքի խնդիրներին, տեւել են վեցուկես ժամ։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները լքել են բանակցությունների վայրը՝ առանց մամուլին մեկնաբանություններ տալու։
Չի հաղորդվում, թե ովքեր էին մասնակցում բանակցություններին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ դրանց մասնակիցները լինելու են «բարձր մակարդակի դիվանագետներ» եւ «փորձագետներ»։
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը առաջին բանակցությունները ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո վարեցին փետրվարի 18-ին Ռիադում։ Կողմերը քննարկել էին ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Բանակցությունների ընթացքում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել դեսպանատների թվաքանակը Մոսկվայում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ վերագործարկել դիվանագիտական հաստատությունների աշխատանքը սովորական ռեժիմով։