Վաշինգտոնում երեկ՝ փետրվարի 27-ին, կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումը։
Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնագրի հասնելու շուրջ ջանքերը առաջընթաց են գրանցել, եւ որ ԱՄՆ-ը արդեն լավ բանակցություններ է վարել երկու երկրների հետ։
ԱՄՆ նախագահը հաստատեց, որ ուրբաթ` փետրվարի 28-ին, նա Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, եւ որ նրանք կստորագրեն Ուկրաինայում օգտակար հանածոների համատեղ արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր։ «Մենք պատրաստվում ենք միասին ստորագրելու համաձայնագիրը»,– հայտարարեց Թրամփը։
Սթարմերի հետ հանդիպումից առաջ, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա դեռեւս Ուկրաինայի ներկայիս նախագահին համարում է բռնապետ, Դոնալդ Թրամփն ասաց. «Ես դա ասե՞լ եմ։ Չեմ կարող հավատալ, որ ես այդպիսի բան եմ ասել»։
Փետրվարին ԱՄՆ նախագահը Վլադիմիր Զելենսկուն անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ», որի «վարկանիշը ցածր է», սակայն այդ պնդումները չէին հաստատվել սոցիոլոգիական հարցումների տվյալներով։
Հարցին, թե ինչպիսին են Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները, Թրամփը պատասխանեց, որ դա չի լինի, քանի որ «դա այն բանն է, ինչի պատճառով սկսվեց պատերազմը»։
Լրագրողի հարցին՝ կարելի է արդյոք վստահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Թրամփը պատասխանեց ասացվածքով՝ «Վստահի’ր, բայց ստուգի’ր»։
«Կարծում եմ, որ մենք երկուսս էլ կարող ենք այդպիսին լինել։ Դու պետք է ստուգես, որովհետեւ երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ես ճանաչում եմ շատ մարդկանց, որոնց մասին կասեք, որ նրանք որեւէ պատճառ չունեն ձեզ խաբելու, բայց նրանք աշխարհում ամենավատ մարդիկ են։ Եվ ես ճանաչում եմ նաեւ այնպիսիներին, որոնց մասին կասեք, որ կխաբեն ձեզ»,- նշել է Թրամփը։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկատարի Ուկրաինայի հետ ձեռք բերված ցանկացած խաղաղ համաձայնագիր, եւ որ նա չի գնա նոր ներխուժման։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը շատ լավ է պահում իրեն։ […] Կարծում եմ՝ մենք շատ լավ առաջընթաց ունենք համաձայնագրի ստորագրման հարցում, բայց այն դեռ վերջնականացված չէ»,– ասել է Թրամփը։
Հանդիպումից հետո Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը հայտարարեց, որ հանդիպումը «ծայրաստիճան արդյունավետ» էր, եւ որ Մեծ Բրիտանիայի վարչապետը իրեն ներկայացրեց թարմացված տեղեկություններ «Ուկրաինայում ընթացող արյունալի եւ սարսափելի պատերազմի» մասին։
Թրամփը կրկին մեջբերել է տվյալներ, որոնք չեն հաստատվել այլ աղբյուրներով` պնդելով, որ պատերազմում «անիմաստ սպանվել է մոտ մեկ միլիոն ուկրաինացի եւ ռուս», եւ որ «փաստացի զոհերի թիվը շատ ավելի մեծ է»։
Ուկրաինայում պատերազմի ավարտի հեռանկարների վերաբերյալ խոսելիս ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ խաղաղությունը կա’մ «կգա բավական շուտ, կա’մ այն ընդհանրապես չի լինի»։
Անդրադառնալով Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի անվտանգության երաշխիքներին՝ Թրամփն ասաց, որ «բաց է բազմաթիվ բաների քննարկման համար», բայց նախ ցանկանում է հասնել հենց համաձայնագրի ստորագրմանը, ապա միայն քննարկել դրա ապահովման միջոցները։
Թրամփը հայտարարեց, որ աջակցում է ՆԱՏՕ-ի պայմանագրի հինգերորդ հոդվածին, որի համաձայն` դաշինքի անդամները պարտավորվում են պաշտպանել հարձակման ենթարկված դաշնակցին։ Սակայն, նա չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կառաջանա։ «Կարծում եմ, մեզ սպասում է շատ հաջող խաղաղություն»,– ընդգծեց Թրամփը։
Սթարմերը Թրամփի հետ համատեղ եզրափակիչ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի խաղաղ համաձայնագիրը, որը պետք է լինի «խիստ եւ արդար», եւ որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկելու իր ուժերը եւ «օդ բարձրացնելու ինքնաթիռները»՝ համաձայնագրերը պաշտպանելու համար։
Նա շնորհակալություն հայտնեց Թրամփին «Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառության համար» եւ ընդգծեց, որ «չի կարող լինել խաղաղություն, որը կպարգեւատրի ագրեսորին»։
«Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, երբ ամբողջ աշխարհում իրական վտանգ է կախված, այժմ ավելի կարեւոր են, քան երբեւէ»,– նշեց Քիր Սթարմերը։
Նա նաեւ համաձայնեց Թրամփի այն կարծիքին, որ Եվրոպան պետք է ավելի ակտիվ լինի։ «Թրամփն իրավացի է, որ Եվրոպան պետք է մեծացնի պաշտպանության վրա ծախսերը»,– ասաց Սթարմերը։
Նա նաեւ հայտարարեց, որ այս տարի Լոնդոնը Ուկրաինային ամենամեծ օգնությունը կտրամադրի։
Նշենք նաեւ, որ առանձնազրույցից առաջ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին փոխանցեց Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի նամակը, որտեղ միապետը հրավիրում էր ԱՄՆ առաջնորդին պետական այց կատարել Միացյալ Թագավորություն։
Թրամփը համաձայնություն տվեց, սակայն այցի ամսաթիվը դեռեւս չի հայտարարվել։
Լրատվամիջոցները նշում են, որ Դոնալդ Թրամփը դարձավ մեր օրերի առաջին ընտրված քաղաքական առաջնորդը, ով երկրորդ անգամ նման հրավեր է ստանում բրիտանացի միապետից։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Քիր Սթարմերը Վաշինգտոն էր մեկնել Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, որպեսզի ներկայացնի մինչեւ 30,000 եվրոպացի խաղաղապահների Ուկրաինայում տեղակայման ծրագիրը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան հրադադարի համաձայնության հասնեն։ Այս շաբաթ ավելի վաղ նույն նպատակով ԱՄՆ էր այցելել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիացի առաջնորդին չհաջողվեց Թրամփից կոնկրետ պարտավորություններ ստանալ, սակայն ԱՄՆ նախագահը «չառարկեց այն մտքին, որ ամերիկացիները կարող են անվտանգության երաշխիքներ տրամադրել», գրել էր Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։