Մարտի 2-ին Լոնդոնում նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում նրանք կքննարկեն անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Կիևին ռազմական գործողությունների դադարեցման դեպքում։
Bloomberg-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կտեղեկացնեն դաշնակիցներին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։
Սթարմերը Լոնդոն հանդիպման է հրավիրել Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի առաջնորդներին։ Հանդիպմանը սպասվում է նաև ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի մասնակցությունը։
Այն մասին, որ Լոնդոնում կարող է կայանալ Զելենսկու և Սթարմերի հանդիպումը, դեռևս փետրվարի 26-ին հայտնել էր Ուկրաինայի նախագահը։
Փետրվարի 27-ին Վաշինգտոնում կայացել են Սթարմերի և Թրամփի բանակցությունները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստ է Ուկրաինա ուղարկելու խաղաղապահ զորքեր, ինչպես նաև «բարձրացնել ինքնաթիռները երկինք», որպեսզի աջակցի խաղաղ համաձայնագրի իրականացմանը։
Մինչ Սթարմերի այցը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպել էր Մակրոնը։ Բանակցություններից հետո նա նշել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հնարավոր է մոտակա շաբաթների ընթացքում։