Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաեւ դատավարական կոպտագույն խախտումներով եւ խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա: Այսդմասին ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության այսօր՝ փետրվարի 28-ին տարածած հայտարարության մեջ։
«Խոր մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ եւ լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների եւ նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին»,- ասվում է հայտարարության տեքստում:
Արտգործնախարարությունը նշում է, որ վերոնշյալ գործելաոճի մասին են վկայում նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի եւ այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաեւ ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը:
«Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳ նախարարությունը փաստում է, որ հայազգի ռազմագերիները, պատանդները եւ այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա ստանձնած հանձնառությունների եւ միջազգային պարտավորությունների: Ընդգծվում է, որ հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում են. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնեւի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների եւ հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի եւ ամբողջ հասարակության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Արտգործնախարարությունը նաեւ առանձնակի ուշադրություն է հրավիորւմ այն փաստի վրա, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:
«Ամենից զատ եւ առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին եւ միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաեւ տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում եւս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ»,- ընդգծում է արտգործնախարարությունը։
Հայտարարության եզրափակիչ հատվածում նշվում է, որ «հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն եւ անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում եւ ձեւաչափերով՝ ակնկալելով լուծումներ եւ դրական առաջընթաց»: