Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, Գյումրիում հաստատված տարեցները մեկ սեղանի եւ ծրագրի շուրջ են համախմբվել:
Գյումրիում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 60 տարեկանից բարձր մեր տարեց հայրենակիցների համար իրականացնում է «Աջակցության սրճարան» ծրագիրը:
Ծրագրի նախաձեռնողները մասնակիցների համար ստեղծել են աջակցող միջավայր, տրամադրում են հոգեսոցիալական օգնություն, ներառյալ արվեստաթերապիա: Նպատակ ունեն տարեցներին սոցիալականացնելու, նրանց կյանքի որակը բարելավելու, որ կարողանան հարմարվել նոր պայմաններին, նոր կյանքին:
Որպեսզի ծրագիրը ծառայի բուն նպատակին, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հոգեբան, դասընթացավար Արմենուհի Սարգսյանն ասում է՝ նախ թեստերի օգնությամբ 30 մասնակիցների դեպրեսիայի խորության աստիճանն է որոշվել, հոգեհուզական վիճակը գնահատվել, ըստ դրա կազմվել ծրագրի ռազմավարությունը:
Հոգեբանը փաստում է, որ արդեն կապ է ձեւավորվել մասնակիցների միջեւ, դասընթացից դուրս էլ սկսել են շփվել, այցելել միմյանց: Տարեցների ներքին վախերն ու անհանգստությունը կամաց-կամաց նահանջել են:
Նորայր եւ Կարինե Գաբրիելյան ամուսինները Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի իրենց արած-դրածը, տարիների ստեղծածը թողել, Գյումրի են եկել: Ասում են՝ հայրենի Արցախում ապրելու համար, ինչ իրենց հիշում են, պայքարել են, դժվարություններ հաղթահարել:
Հինգ երեխաներին մեծացրել, նպատակներին են հասցրել, այժմ Գյումրիում երկուսով են ապրում: Ասում են՝ առողջությունից բացի զբաղմունք եւ աշխատանք էլ չունեն: Աջակցության սրճարանի հրավերը սիրով են ընդունել. «Խոսում, զրուցում, թեթեւանում ենք»:
«Այցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ ծրագրի մեկնարկից առաջ մտավախություն են ունեցել, թե հայրենիքից, տարիների ստեղծած տուն-տեղից զրկված, երբեմն նույնիսկ ամենաթանկ մարդկանց շիրիմները կորցրած տարեցները իրենց մեջ ուժ չեն գտնի սեղմելու մեկնած օգնության ձեռքը։ «Արցախից բռնի տեղահանված երեխաներն ինտեգրվում են իրենց դպրոցներում, միջին տարիքի մարդիկ աշխատանքում են իրացվում, բայց կենսաթոշակառուների զբաղվածության եւ ապրելու իմաստ գտնելու հարցն իսկապես կենսական էր,- նշում է Օֆելյան եւ ուրախությամբ փաստում,- տարեցներն իրենց մեջ ուժ գտան, եկան, վստահեցին մեզ եւ անպայման ծրագրի ավարտին ավելի ուժեղացած ու հոգեպես կայուն են լինելու»։
Ծրագիրն իրականացնում է բազմամասնագիտական թիմը՝ բաղկացած հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, արտթերապիստներից: Հոգետրավմայի ուղղությամբ մասնագիտացած կլինիկական հոգեբանի կողմից մասնագիտական թիմը զուգահեռաբար ամեն շաբաթ անցնում է վերապատրաստում:
Նախաձեռնողները լավ նորություն ունեն Արցախից տեղահանված այն տարեցների համար, ովքեր դեռ չեն ընդգրկվել ծրագրում. նպատակ կա շարունակելու նախաձեռնությունը՝ ընդլայնելով այն այլ համայնքներում, որտեղ կենտրոնացած են Արցախից բռնի տեղահանված հայերը: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար փորձ կարվի ներգրավելու մասնավոր նվիրատվություններ, դրամաշնորհներ եւ այլ աջակցություն:

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։