Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շուրջ բանակցությունները շարունակելու համար։ Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության գրասենյակը։
«Վարչապետ Նեթանյահուն հանձնարարել է բանակցային պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ բանակցությունները շարունակելու համար»,– ասվում է հայտարարության մեջ։
Ynet պորտալը նշում է, որ այս հայտարարությունը արվել է «գործարքի առաջին փուլի ավարտի լույսի ներքո»։ Այդ փուլի շրջանակում, որը տեւել է 42 օր, ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է վերադարձրել 33 պատանդի։
Kan ռադիոկայանի տվյալներով՝ Նեթանյահուն անվտանգության հարցերով հեռախոսային խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի ռազմավարական պլանավորման, պաշտպանության, արտաքին գործերի եւ ֆինանսների նախարարներ Ռոն Դերմերի, Իսրայել Կացի, Գիդեոն Սաարի եւ Բեցալել Սմոտրիչի մասնակցությամբ։
N12 հեռուստաալիքը, հղում անելով իսրայելցի պաշտոնյային, հաղորդում է, որ Իսրայելը պատրաստ է երկարաձգելու հրադադարի ռեժիմը Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ շարժումը առաջիկա շաբաթ օրը ազատ արձակի եւս մի քանի պատանդների։
Հեռուստաալիքը մեջբերում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հայտարարությունը, որը նշել է, որ «իսրայելական կողմը պատրաստ է երկարաձգելու [հրադադարի] ժամկետը ավելի շատ պատանդների վերադարձի դիմաց։ Եթե դա հնարավոր է, ապա մենք դա կանենք»։