ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներողություն խնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վեճի համար։ Իր դիրքորոշումը նա ներկայացրել է CNN-ին տված հարցազրույցում։
Ռուբիոյի կարծիքով՝ Զելենսկին պետք է ներողություն խնդրի «այն բանի համար, որ նա այս իրավիճակը վերածեց իր համար ձախողման»։
«Նա չպետք է գնար այնտեղ [Թրամփի հետ հանդիպմանը] եւ կոնֆլիկտի մեջ մտներ»,- նշել է պետքարտուղարը։
Ռուբիոն նաեւ կարծիք է հայտնել, որ Զելենսկին իրականում չի ցանկանում խաղաղության համաձայնագիր։ «Նա ասում է, որ ցանկանում է, բայց գուցե դա այդպես չէ»,- ընդգծել է Պետքարտուղարության ղեկավարը։
Զելենսկին փետրվարի 28-ին ժամանել էր ԱՄՆ՝ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ Թրամփի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի հետ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ վեճ, եւ Զելենսկին վաղաժամ լքեց Սպիտակ տունը, իսկ համաձայնագիրը չստորագրվեց։