«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հայտարարել է, որ պատրաստ է լսելու իր բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչը, հրադադար հաստատելու եւ այն պահպանելու։ Այդ մասին հաղորդում է թուրքական A Haber հեռուստաալիքը։
«Մենք համաձայն ենք [Օջալանի] կոչի հետ, նրա բովանդակության հետ։ Հայտարարում ենք, որ մեր կողմից կպահպանենք եւ կիրագործենք այս կոչի պահանջները։ Մենք հայտարարում ենք հրադադար, որը ուժի մեջ է մտնում այսօրվանից»,- ասվում է PKK-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը։
Քրդական Rudaw հեռուստաալիքը նշում է, որ PKK-ն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Օջալանի կոչը «նոր սկիզբ է նշանավորել», եւ այժմ «պետք է իրականացվի այն ամենը, ինչ չի հաջողվել անել վերջին 35 տարիների ընթացքում»։
«Պետք է ճիշտ եւ համարժեք կերպով հասկանալ առաջնորդի կոչը, դրա պատճառները, առանձնահատկությունները եւ նրա նախաձեռնած նոր գործընթացի նպատակները։ Պատմականորեն կարեւոր է այս կոչի բովանդակությանը մոտենալ ամբողջական պատասխանատվությամբ եւ լրջությամբ ու հաջողությամբ կյանքի կոչել այն բոլոր ոլորտներում»,- ասվում է PKK-ի ուղերձում։
Փետրվարի 27-ին Օջալանը PKK-ի հետ կապված բոլոր խմբավորումներին կոչ արեց վայր դնել զենքերը եւ դադարեցնել Թուրքիայի դեմ զինված դիմադրությունը։ Նա նաեւ ինքնալուծարման կոչ էր ուղղել հենց PKK-ին։ Օջալանի կոչը հրապարակել էին քրդական DEM կուսակցության պատգամավորները։
Թուրքիայի իշխանությունները PKK-ն եւ Սիրիայում եւ Իրաքում գործող դրա հետ ասոցացված բոլոր կառույցները համարում են ահաբեկչական կազմակերպություններ։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հիշեցրել է, որ Անկարան բազմիցս է PKK-ից պահանջել վայր դնել զենքերը։ Նա հավելել է, որ Թուրքիայի պետությունը «չի պատրաստվում որեւէ առեւտուր կամ բանակցություններ վարելու ահաբեկիչների հետ»։