Ըստ Sputnik Արմենիայի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը հայտնել է, որ Հայաստանի տարբեր մարզերում երեկոյան տեղի ունեցած հոսանքազրկումները որեւէ կապ չունեն ՀԷՑ-ի հետ։
Սարաջյանը նշել է, որ հոսանքազրկումների պատճառը բարձրավոլտ էլեկտրացանցերում առաջացած համակարգային խնդիրներն են:
Ըստ սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների՝ հոսանքազրկումներ են եղել Տավուշում՝ Դիլիջանում եւ մի շարք գյուղերում, Լոռիում՝ Վանաձորում, Սպիտակում, Ալավերդիում, մի շարք գյուղերում, Շիրակում՝ Գյումրիում, Արթիկում, Արագածոտնի մարզում՝ Ապարանում, Արմավիրում՝ Արմավիր քաղաքում, Մեծամորում, նաեւ Երեւանի մի շարք վարչական շրջաններում։
Հոսանքազրկված Վանաձորի ընտրատեղամասերից մեկում ձայների հաշվարկը սկսվել է հոսանքի վերականգնումից հետո։
Թարմացում.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ:
«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»,- նշված է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ։
Ըստ Ա1+-ի՝ ժամը 23:17-ին լույսերն անջատվել են Եղվարդի 27/08 ընտրատեղամասում: Աշխատանքները շարունակվել են հեռախոսների լույսով: