Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճին, հիշեցրել է Արեւմուտքի աջակցության վրա հույս դնելու վերաբերյալ 2022 թվականի մարտի 1-ի իր հայտարարությունը։
«Ուկրաինայից ստացվող առաջին դասն այն է, որ արեւմտյան պետությունների աջակցությունը իրենց խամաճիկ կառավարություններին մի պատրանք է։ Սա պետք է հասկանան բոլոր կառավարությունները։ Այն կառավարությունները, որոնք հույս են դնում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի վրա, թող նայեն Ուկրաինայի այսօրվա դրությանը»,- ասվում է Խամենեիի X-ի էջում ուկրաիներեն հրապարակված գրառման մեջ։
Перший урок із ситуації в Україні полягає в тому, що підтримка західних держав країн і урядів, які є їхніми маріонетками, — це міраж. Це повинні зрозуміти всі уряди. Ті уряди, які покладаються на США та Європу, нехай подивляться на сьогоднішнє становище України.
1 березня 2022 р— Khamenei.ir (@khamenei_ir) March 1, 2025
Բացի այդ՝ 2022 թվականի մարտին Իրանի գերագույն առաջնորդը նաեւ հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության պատճառը հենց ԱՄՆ-ի քաղաքականությունն է եղել, որին զոհ է գնացել Կիեւը, քանի որ Վաշինգտոնը միջամտել է Ուկրաինայի ներքին գործերին՝ կազմակերպելով «գունավոր հեղափոխություններ»։
Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին այցելել է Սպիտակ տուն՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ։ Սակայն զրույցի ընթացքում լրագրողների ներկայությամբ նրանց միջեւ բանավեճ է սկսվել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Ուկրաինայի նախագահը մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիեւին ցուցաբերվող աջակցության համար։
Այս միջադեպի պատճառով չեղարկվել է Թրամփի եւ Զելենսկու մամուլի ասուլիսը, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։
ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել էր, որ Զելենսկին անհարգալից վերաբերմունք է դրսեւորել եւ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար պատրաստակամություն չի ցուցաբերել։