Տրանսպորտային հաղորդակցության ուղիները բացելու հարցում Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի։ Այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալության համար գրած հոդվածում ընդգծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշում է, որ թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն պարտավորվել են միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները:
«Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ»,- գրել է վարչապետ Փաշինյանը եւ հավելել, որ հակառակ սրան՝ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար»։
Փաշինյանը հիշեցնում է, որ դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որը ադրբեջանական բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու եւ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երթեւեկելու հնարավորություն տալու մասին է:
«Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով եւ ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջեւան մուտքի ենթակառուցվածքներ չկան եւ պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել»,- հավելում է ՀՀ վարչապետը:
Նա հաջորդիվ նշում է, որ «ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը եւ հակառակ ուղղությամբ»:
Փաշինյանը փաստում է, որ նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը պատրաստ է նաեւ հիմա, մնում է դե յուրե որոշում կայացնել։
Նրա խոսքերով՝ Երեւանը պատրաստ է նման որոշում կայացնելու, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:
«Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղեւորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը եւ պատրաստ ենք անել:
Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որեւէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որեւէ սահմանափակման, ներառյալ արեւմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում»,- գրել է վարչապետ Փաշինյանը:
Նա հաջորդիվ հիշեցնում է, որ դեռ 2022 թվականին, հասցեագրելով Բաքվի մտահոգությունները, Երեւանն առաջարկել է փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային եւ բեռների մաքսային եւ այլ հսկողության front գործառույթը, որին կրկին Ադրբեջանը չի համաձայնել։
«Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատեւ հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային եւ մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ եւ հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից»,- ընդգծում է վարչապետը:
Փաշինյանը նշում է, որ առաջարկներն արվել են գրավոր տարբերակով։ Դրանք չեն նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ տարածքային ամբողջականությունը:
ՀՀ Կառավարության ղեկավարը նշում է, որ եթե Բաքվի մտահոգությունը Նախիջեւանի հետ եւ հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, ապա այդ հարցը լուծված է եւ «մնում է Ադրբեջանը ասի՝ այո»:
Վարչապետի խոսքերով որոշ ժամանակ էլ կտեւի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճեւան երկաթուղու կառուցումը: «Երասխ-Նախիջեւանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան եւ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, եւ այս աշխատանքն էլ կարելի է արագ անել»,-գրել է Փաշինյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը նույն սկզբունքով պատրաստ է Ադրբեջանից դեպի Նախիջեւան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրելու:
«Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»,- գրել է վարչապետը:
Անդրադառնալով Բաքվից հնչող այն հայտարարություններին, թե Հայաստանի կողմից դեպի Նախիջեւան ճանապարհ չտրամադրվելու դեպքում Բաքուն արեւմտյան Ադրբեջան-Նախիջեւան կապը կապահովի Իրանի տարածքով, Փաշինյանը գրում է, որ դա Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների եւ իրենց որոշման հարցն է:
«Բայց նաեւ հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արեւմտյան Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը»,- գրել է վարչապետը:
Նա հաջորդիվ հավելում է, որ փոխադարձության սկզբունքով Հայաստանը պատրաստ է անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ եւ ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնելու:
«Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաեւ արեւմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության) տարածքով եւ հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է եւ դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,-եզրափակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը: