Բաքվի զինվորական դատարանում նախօրեին շարունակվել է այնտեղ պահվող հայերի գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցմունք է տվել Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Հարությունյանը հայտարարել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ցանկացել է նամակ ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Հայաստանում մի քանի հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն տեղեկացրել է, որ պատերազմը պետք է շարունակել։
«Հոկտեմբերի 18-ի երեկոյան մեր վերջին հանդիպումն ունեցանք Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ։ Զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին եւ ասացի, որ պատրաստ եմ նամակ գրելու Ադրբեջանի նախագահին՝ պատերազմն ավարտելու մասին, Բակոն եւ Արկադին, եթե պետք լինի, նույնպես կմիանան նրան։ Նամակի էությունը պարզապես պատերազմը դադարեցնելն էր։ Նամակի բովանդակությունը, որը մենք գրել ենք Փաշինյանին, հետեւյալն էր՝ ցանկացած կարգով դադարեցրեք պատերազմը եւ հայտարարեք, որ դա հայ բնակչության ցանկությունն է, քանի որ Հայաստանում միասնական կարծիք չկար։ Դրա համար էլ ասացի, որ պետք է հղում կատարել մեզ եւ դադարեցնել պատերազմը։ Մենք պատրաստ ենք մեղավոր լինել, իհարկե դա չակերտների մեջ, բայց պետք է մարդկային կյանքեր փրկել։ Փաշինյանը մի քանի հանդիպումներ անցկացրեց, հանդիպեց ընդդիմության հետ, կարելի է ասել՝ հանդիպեց գրեթե բոլորի հետ։ Հոկտեմբերի 19-ին՝ օրվա վերջում, նա ինձ հետ զանգահարեց եւ ասաց, որ պատերազմը շարունակվելու է։ Չեմ ուզում մանրամասնությունների մեջ խորանալ։ Ամենավատն այն էր, որ պատերազմը շարունակվելու էր»,-Հարությունյանի խոսքերը մեջբերում է APA գործակալությունը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարել է, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը ենթարկվել է ՀՀ գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ ռազմական հրամանատարությանը նշանակելու կամ ազատելու լիազորություններ չի ունեցել։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը փետրվարի 28-ին հայտարարեց, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ։
Հունվարին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Բաքվում պահվող հայերի դեմ «հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից»։
Հիշեցնենք՝ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Նրանց թվում են նաեւ Արցախի նախկին նախագահները, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նրանց գործով դատական նիստը սկսվել էր հունվարի 17-ին:
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։