Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ սպասելով Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության հաստատմանը։ Այդ մասին նախօրեին՝ դիվանագետների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Քանի որ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, մենք նաեւ սպասում ենք համաձայնություն ձեռք բերելուն, որով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ մշտական խաղաղություն կհաստատվի»,- Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության համար Անկարայի ակտիվացող ջանքերին։
Հիշեցնենք՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երեք տարի առաջ էին սկսվել, սակայն մինչ օրս որեւէ շոշափելի արդյունքի կողմերն այդպես էլ չեն կարողացել հասնել։
Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հաշվի են առնելու նաեւ Երեւան-Բաքու հարաբերությունները։