Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը այսօր հրապարակած հայտարարության մեջ Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում ավելին անել Բաքվում պահվող հայերի վերադարձի համար։
«Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանը օգնել ազատելու Ադրբեջանում կալանավորված այս հայ քրիստոնյաներին՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։
Որպես առաջնային միջոց Գենսերը նշում է հանրային հայտարարություններն ու հանրային դիվանագիտությունը։ Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը կարող է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ նշելով, որ «Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների եւ ռազմագերիների ազատ արձակումը առաջնահերթություն է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվեն»։
I am very grateful that #Armenia FM @AraratMirzoyan & @MFAofArmenia spoke out for the freedom of my client @RubenVardanyan_ & the other #Armenian #Christian #political #prisoners & #POWs from #Azerbaijan. This was big! There is also so much more PM @NikolPashinyan can do from… pic.twitter.com/KVTPaurzUa
— Jared Genser (@JaredGenser) March 4, 2025
Մյուս միջոցը կարող է լինել վարչապետի եւ արտգործնախարարի կողմից հայ գերիների ընտանիքի անդամներին ցուցաբերվող աջակցությունը եւ որպես նրանց հետ համերաշխության նշան՝ հանդիպումների կազմակերպումը։
Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դատավարություններին դիտորդներ ուղարկելու համար Երեւանը կարող է խնդրանքով դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), ինչպես նաեւ Բաքվում դեսպանատներ ունեցող բոլոր դաշնակիցներին:
«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ նրանք կարող էին նույնիսկ Ադրբեջանին դիմել խնդրանքով՝ դատավարություններին Հայաստանի կառավարության դիտորդներ ուղարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Երրորդ միջոցը, ըստ Գենսերի, Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցությունն է։ Փաստաբանը գտնում է, որ վարչապետ Փաշինյանը «կարող է մասնավոր բանագնաց ուղարկել Բաքու՝ փորձելով մարդասիրական ուղի բացել քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար»։
Գենսերի կարծիքով նույնիսկ Բաքվում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով կարելի է պաշտպանել այնտեղ գտնվող հայերի շահերը։
«Եթե անգամ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ»,- գտնում է փաստաբանը:
Ադրբեջանում պահվող հայերի ազատման համար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը առաջարկում է նաեւ դիմել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Եվրոպական միության աջակցությանը։
Գենսերը նաեւ ընդգծում է, որ Հայաստանը կարող է Միջազգային եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակել ու ընդարձակել դատական գործընթացները։ Նրա կարծիքով Երեւանը կարող է դիմել միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 հայ քրիստոնյաների բռնի տեղահանման փաստով նախաքննություն սկսելու համար։
Մեկ այլ տարբերակ է նաեւ համաշխարհային կրոնական համայնքի օգնությանը դիմելը։
«Վարչապետ Փաշինյանը կարող է հատուկ բանագնաց նշանակել ամբողջ աշխարհում հալածված քրիստոնյաներին ազատելու համար՝ կենտրոնանալով քաղբանտարկյալների եւ ռազմագերիների ազատման ուղղությամբ աշխատելու վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին՝ ստորագրելով միջպետական հարաբերություններում կամայական կալանքի դեմ Կանադայի գլխավորած հռչակագրին»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։
Հայտարարության եզրափակիչ հատվածում Գենսերը նշում է, որ Փաշինյանը կարող է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ խնդրելով օգնել ազատ արձակելու բանտարկյալներին եւ ռազմագերիներին մարդասիրական նկատառումներով։