ԱՄՆ-ը լավագույն կերպով կնպաստի խաղաղությանը, եթե իսկապես դադարեցնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը։ Այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, որ մինչ այժմ ԱՄՆ-ը այս պատերազմի գլխավոր մատակարարն է եղել, ակնհայտ է։ Եթե ԱՄՆ-ը դադարեցնի դա կամ կասեցնի մատակարարումները, դա, հավանաբար, կլինի խաղաղությանն ուղղված լավագույն քայլը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքերով՝ ԱՄՆ օգնության տրամադրման դադարեցման մասին մամուլը դեռեւս հակասական տեղեկություններ է տարածում։
«Դրանք հիմնականում տարածվում են աղբյուրներին հղումներով։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է հետեւել, թե ինչպես է զարգանում իրավիճակը տեղում»,- պարզաբանել է խոսնակը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցիչներին, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Bloomberg-ը, կրկին հղում կատարելով աղբյուրներին, հաղորդել էր, որ այդ դադարեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի ղեկավարությունը չի որոշել, որ Ուկրաինայի իշխանությունները խաղաղ կարգավորման հարցում իրական նվիրվածություն են ցուցաբերել։