Մոսկվան համաձայնել է օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ բանակցություններ նախաձեռնելու հարցում, այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Այդ բանակցությունները մասնավորապես վերաբերում են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին, ինչպես նաեւ Թեհրանի կողմից Մերձավոր Արեւելքում հակաամերիկյան խմբավորումների աջակցությանը։
Bloomberg-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը Կրեմլի միջնորդությամբ բանակցություններ սկսելու շուրջ իր հետաքրքրվածությունը հայտնել է, երբ փետրվարի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ հարցը, ըստ գործակալության Մոսկվայում գտնվող անանուն աղբյուրների, քննարկվել է նաեւ մի քանի օր անց՝ Ռիյադում կայացած բանակցությունների ժամանակ։
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, որ Մոսկվան «պատրաստ է անելու իր ուժերի սահմաններում ամեն ինչ», որպեսզի Վաշինգտոնը եւ Թեհրանը բանակցությունների միջոցով լուծեն իրենց բոլոր խնդիրները։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ընտրված նախագահը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ավիահարվածների հնարավորությունը։ Սակայն փետրվարին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նախընտրում է Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրումը եւ ոչ թե «կործանարար ռմբակոծությունները»։
Իրանը իր միջուկային մշակումները վերսկսեց 2018 թվականին, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից։ The New York Times-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ-ի հետախուզության տվյալները ցույց են տվել, որ իրանցի ինժեներները ուսումնասիրում են միջուկային զենքի ստեղծման ավելի կարճաժամկետ ուղիները, որը տարիների փոխարեն ամիսներ կպահանջի։
Միջուկային գործարքից Իրանը ամբողջությամբ դուրս եկավ 2020 թվականի հունվարին, երբ Թրամփի հրամանով ԱՄՆ զինված ուժերը Բաղդադում սպանեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար «Քուդս» ուժերի հրամանատար գեներալ Կասեմ Սոլեյմանիին։ Bloomberg-ի տվյալներով՝ Իրանի իշխանությունները դեմ են Վաշինգտոնի հետ որեւէ փոխգործակցության։
Փետրվարին Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը «անպատվաբեր եւ անխելամիտ» քայլ կլինի։