Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ՝ 1990 թվականից ի վեր, ընդդիմությունը ստանում է քվեների ավելի քան 25 տոկոսը: Ըստ նախնական տվյալների՝ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է քվեների ավելի քան 21 տոկոսը: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի (ինքը՝ Սարգսյանը չի ընդգրկվել ցուցակում) եւ Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունը ներկայացնող «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է քվեների ավելի քան 5 տոկոսը:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվեցին Թավշյա հեղափոխությունից 8 ամիս անց, Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ քվեների ավելի քան 70 տոկոսը կամ շուրջ 885 հազար ձայն: Երկրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանն» էր՝ ավելի քան 8 տոկոս կամ շուրջ 104 հազար ձայն։ Եռյակը եզրափակեց Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ ավելի քան 80 հազար ձայն կամ շուրջ 6,4 տոկոս։
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը ստացան հետեւյալ քվեները. «Ելք» դաշինք՝ շուրջ 7.7 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.7 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք՝ 2 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 1.65 տոկոս:
Իշխող ՀՀԿ-ն ստացավ 49 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 27 տոկոս, ՀՅԴ-ն՝ 6.5 տոկոս:
2012-ի խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում էին 9 միավորներ, որոնցից 6-ը հաղթահարեցին Ազգային ժողովում ներկայացված լինելու շեմը: Ըստ պաշտոնական տվյալների՝ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ստացավ քվեների ավելի քան 44 տոկոսը: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» (ԲՀԿ) էր: Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ «Օրինաց երկիրը» (ՕԵԿ) ստացան 5.7 եւ 5.5 տոկոս համապատասխանաբար: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ «Ժառանգությունը» ստացան համապատասխանաբար 7 եւ 5.8 տոկոս:
Այսպիսով՝ ընդդիմադիր երկու կուսակցությունները միասին ստացան քվեների 13 տոկոսից էլ պակաս: Սա՝ համամասնական ընտրակարգով: Մեծամասնական ընտրակարգով աթոռների մեծ մասին տիրացան իշխանական ուժերը, հիմնականում ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Ի դեպ, ընտրությունների պատմության մեջ ընդդիմությանը եթե հաջողվել է համամասնական ընտրակարգով զբաղեցնել խորհրդարանի աթոռների մեկ քառորդը, ապա մեծամասնական ընտրակարգում բացահայտ առավելությամբ հաղթել են իշխանական անկախ թեկնածուները, որոնք ընտրվելուց հետո դարձել են իշխանական:
2007-ի ընտրություններին մասնակցում էին 23 ուժեր, որոնցից միայն 6-ը հաղթահարեցին 5-տոկոսանոց շեմը: Դրանցից միայն մեկն էր ընդդիմադիր ուժ՝ «Ժառանգությունը», որը ստացավ քվեների շուրջ 6 տոկոսը: Համամասնական, ինչպես նաեւ մեծամասնական մյուս տեղերը բաժին հասան ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՕԵԿ-ին, որը թեեւ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, սակայն, մեծ հաշվով, իր պատմության մեջ այս կուսակցությունն ու նրա անփոփոխ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չեն եղել ընդդիմադիր:
Խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ ընդդիմությունը ամենաբարձր արդյունքը, չհաշված 2021 թվականի հունիսի 20-ի քվեարկությունը, գրանցել է 2003-ին, երբ «Արդարություն» դաշինքը, որը գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը, ստացավ քվեների 13.7 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցող մեկ այլ ուժ, որը հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից՝ «Ազգային միաբանությունը» (նախագահ՝ Արտաշես Գեղամյան), ստացավ քվեների 9 տոկոսը: Առաջին անգամ էր նաեւ, որ ընդդիմադիր ուժը ընտրություններում զբաղեցրեց երկրորդը տեղը: Խորհրդարանում աթոռների մյուս մասը զբաղեցրին ՀՀԿ-ն, որ ստացավ քվեների գրեթե 24 տոկոսը (ընտրությունների պատմության մեջ սա իշխանական կուսակցության ամենից ցածր ցուցանիշն է), ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, Միավորված աշխատանքային կուսակցությունը:
1999-ի ընտրություններում հաղթեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դենիրճյանի «Միասնություն» դաշինքը, որ միավորում էր ՀՀԿ-ին եւ ՀԺԿ-ին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությանը: Միասնությունը ստացավ քվեների գրեթե 42 տոկոսը: Հինգ տոկոսի շեմը հաղթահարեցին նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 12 տոկոս, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն ու ՀՅԴ-ն՝ 8-ական տոկոս, ՕԵԿ-ն ու Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն՝ 5-ական տոկոս:
Այս ընտրություններում ընդդիմադիր դիրքերից հանդես էին գալիս Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Իրավունք եւ միաբանությունն» ու ԱԺՄ-ն, որոնք միասին ստացան համամասնական քվեների շուրջ 25 տոկոսը: Սա ընդդիմության լավագույն արդյունքն էր 1990-ից ի վեր: 2021-ի հունիսի 20-ի ընտրություններում ընդդիմությունը ստացել է, ըստ նախնական տվյալների, ավելի քան 26 տոկոսը:
1995-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր երեք ուժեր՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ԱԺՄ-ն եւ Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը հաղթահարեցին 5 տոկոսի շեմը: Իշխանական երկու ուժեր՝ «Հանրապետություն» միավորումը, որը ներառում էր ՀՀՇ-ին, ՀՀԿ-ին ու մի քանի այլ կազմակերպությունների, համամասնական ընտրակարգով ստացավ քվեների ավելի քան 75 տոկոսը:
1990-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բացառապես մեծամասնական ընտրակարգով: Հենց այդ ընտրություններով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: ՀՀՇ-ն նվազագույն առավելությամբ հաղթեց Կոմկուսին, իսկ 1990-ի օգոստոսին ՀՀՇ-ից Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի նախագահ ու դեռեւս Խորհրդային Միության կազմում գտնվող հանրապետության փաստացի առաջնորդ:
Այս ընտրությունները համարվում են Հայաստանի պատմության կարեւորագույն քվեարկությունը, քանի որ Տեր-Պետրոսյանի ընտրությունը Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում վերջ դրեց Հայաստանում Կոմկուսի 70-ամյա իշխանությանը։
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։